ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Անդրադառնալով ավարտված քրեական վարույթների աճին՝ նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննվող քրեական վարույթներն աճել են 5.590-ով կամ 6.5%-ով (2025 թվականին քննվել է 90.931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 85.341-ի համեմատ), ընթացքը լուծված քրեական վարույթները՝ 6.483-ով կամ 10.2%-ով (90.931 վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը՝ նախորդ տարվա 63.211-ի համեմատ), իսկ դատավարական ավարտով քրեական վարույթները՝ 2.825-ով կամ 23.8%-ով (ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 11.825 քրեական վարույթի համեմատ՝ 12.805 անձի վերաբերյալ):
Քննիչների արտադրողականությունը կազմել է 76.6%՝ նախորդ տարվա 74.1 %-ի համեմատությամբ, այսինքն՝ աճել է 2.5 %-ով:
Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ քրեական վարույթների աճին զուգահեռ աճել է նաև մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը՝ կազմելով 142 քրեական վարույթ (2024-ին՝ 132):
Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններին՝ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ այս թիվը նվազել է: Մասնավորապես՝ ներկայացվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 3.063 միջնորդություն (2024-ին՝ 3.095), որից 2.181-ը բավարարվել է ամբողջությամբ, 578-ը՝ մասնակի, 304-ը մերժվել է:
2025 թվականին մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16.294 անձ, իսկ 2024 թվականին՝ 13.262, այսինքն՝ 3.032-ով կամ 22.8 %-ով ավելի: Խափանման միջոց կալանքը կիրառվել է մեղադրյալների 18.7 %-ի, իսկ 2024 թվականին՝ 23.3 %-ի նկատմամբ, այսինքն՝ խափանման միջոց կիրառելու դեպքերը նվազել են 4.6 %-ով: