Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված դեպքին անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում։
«Այսինքն՝ իրավապահներն են բացահայտել այդ դեպքը, և իրավապահներն են քննություն անում։ Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, որոնք իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում. դրա հետ կապված՝ քրեական գործեր կան հարուցված, և իհարկե, այդ անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք: Այսինքն՝ այդ գործերով մի մասին հեռացրել ենք, ի դեպ, արդեն»,- նշեց վարչապետը:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018, 2019 թվականներին Կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել: Մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար։ Լրատվամիջոցները աղմուկ-աղաղակ էին անում, ասում էին՝ էս ի՞նչ եք անում, մեր ավանդական արժեքների դե՞մ եք պայքարում, էս եք անում, էն եք անում։ Ես ուզում եմ դա հիշեցնել, և ուզում եմ հիշեցնել, որ նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք այդ քաղաքացիական հասարակության և Կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին և դեմոնիզացնում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթության աստիճանը բարձրացնել: Ես վախենամ՝ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք:
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, որոնք տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում: Նրանք անընդհատ լրատվամիջոցների և քաղաքական ուժերի թիրախում են որպես ապազգային, որպես ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ, և այս փաստերն ի ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից որոշ դեպքերում ուղիղ կամ անուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները։ Մենք պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնենք, որպեսզի այսպիսի դեպքերից կարողանանք խուսափել։
Ինչ վերաբերում է իրավապահների աշխատանքին, ընդհանրապես դատաիրավական համակարգի հետ կապված՝ ես մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ, դրա համար մենք իրավապահ համակարգը բարեփոխել ենք և կշարունակենք բարեփոխել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ է ձերբակալվել։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին փոխանցել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):