Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում արագացված ընթացակարգով քննարկվել և ընդունվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքի նախագծերը:
Օրենքների փաթեթին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ 5:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով օրենքում կատարվող փոփոխությունները։
Հարակից զեկուցող՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հիմնավորել է փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև օրենքի ընդունման հրատապությունը։
Մասնավորապես՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝
-
Աշխատանքային միգրանտին աջակցությունը կտրամադրվի իր գործատուի միջոցով, որպես միջնորդ: Սահմանվել է նաև, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն այդ գումարը փոխանցելու է միգրանտին՝ որպես միգրանտի օգտին պետության կողմից կատարվող վճարում:
-
Օրենքի կարգավորումներից հանվում են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ կատարող անձանց պետական աջակցության տրամադրմանը վերաբերող դրույթները:
-
Առաջարկվում է R&D (գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ) մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառել նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20 %-ին համարժեք մեծությունը:
-
Տնտեսավարող սուբյեկտի տրամադրվող պետական աջակցության հաշվարկման համար ընդհանուր եկամտային հարկի 50% սահմանափակումը հանվում է:
-
Պետական աջակցության համար դիմելու հնարավորություն կտրվի նաև դուստր ընկերություններին, իրավաբանական անձանց մասնաճյուղերին և ներկայացուցչություններին, այդ թվում օտարերկրյա իրավաբանական անձանց ՀՀ-ում հաշվառված մասնաճյուղերին և ներկայացուցչություններին։