Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ուկրաինացիներին և դիվանագիտական առաքելությունների անձնակազմերին կոչ է արել հեռանալ Կիևից՝ Մոսկվայի հնարավոր պատասխան հարձակման դեպքում: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ հարկավոր է այս հայտարարություններին վերաբերվել ամենայն լրջությամբ:
Ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան նոտա է հղել Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին՝ կոչ անելով Կիևից նախապես տարհանել իրենց անձնակազմերը։ Նա նշել էր, որ Ռուսաստանի զինված ուժերն անխուսափելիորեն կհարվածեն Կիևին, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոններին, եթե Կիևը փորձի խափանել Հաղթանակի օրվա շքերթը:
Իր հերթին, Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Հաղթանակի օրվա շքերթի հետ կապված Կիևի սպառնալիքների պատճառով Ռուսաստանի նախագահի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում: Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի հայտարարած հրադադարը կգործի մայիսի 8-ին և 9-ին: Նրա խոսքով՝ Մոսկվան չի արձագանքել մայիսի 6-ի գիշերը Կիևի հայտարարած «լռության ռեժիմին»:
Ռուսաստանի հայտարարած հրադադարի նախաշեմին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Մոսկվայի գործողություններին կպատասխանեն հայելային կերպով: