Հարգելի գործընկերներ, մարդակերների իշխանության ժամանակաշրջանը Հայաստանում անշրջելիորեն փակված է, և դուք այդ մարդակերների իշխանության կարկառուն ներկայացուցիչներն եք: Այս խոսքերով ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթն սկսեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:
Դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ ընդգծեց՝ նա՝ «առանձնահատուկ կերպով», քանի որ նա 2008-ի մարտի 1-ին եղել է ԳՇ պետ՝ դրանով իսկ ըստ էության կիսելով բարձրագույն ղեկավարության այն պաշտոնյաների պատասխանատվությունը, որոնք պատասխանատու են Մարտի 1-ի համար:
«Երբ մայրաքաղաքի փողոցները դարձրել էիք սպանդանոց, սեփական քաղաքացիների վրա կրակելով, դուք դրա պատասխանատուն եք, հիմա եկել եք, մարտի 1-ի մասին եք խոսում»,- հայտարարեց նա՝ ընդգծելով՝ մարդակերները պատերազմի եռագլուխ կուսակցության ձևաչափով այսօր ցանկանում են նորից վերադառնալ իշխանության:
«Դուք ձեր ծոծրակը կտեսնեք, պատերազմի եռագլուխ կուսակցություն, բայց Հայաստանում այլևս իշխանություն չեք տեսնի, որովհետև ձեզ միավորում է թալանը, և դրա համար էլ դիմել էիք ՍԴ՝ վիճարկելու ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը:
Ձեզ միավորում են քաղաքական սպանությունները, ու դրա համար այսօր եկել ու արդարացնում եք սպանության փորձերն ու ահաբեկչությունը, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում: Ես պատկերացնում եմ, օրինակ, որ եթե հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կանխվեր, Դաշնակցությունը գալու էր, ասելու էր՝ դե լավ, Նաիրի Հունանյանը, բան, ռոմանտիկ տղերք էին, ոնց ասում էր Վազգեն Մանուկյանը»,- նշեց Կոնջորյանը:
Ամփոփելով՝ նա ուշադրություն հրավիրեց մի բանի վրա, որի մասին քիչ է խոսվում. դա այն է, որ պատերազմի եռագլուխ կուսակցության երեք առաջնորդների շահերի կենտրոնը Հայաստանը չէ:
Կոնջորյանի խոսքով՝ նրանց ֆինանսական ռեսուրսների մի զգալի մասը գտնվում է Հայաստանից դուրս և գտնվում է նույն տեղերում:
«Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական միջոցների մի մասը, Գագիկ Ծառուկյանի բիզնեսների ու ֆինանսական միջոցների մի մասը, Սամվել Կարապետյանի բիզնեսների առյուծի բաժինը չեն գտնվում ՀՀ-ում: Ու եթե որևէ իրավիճակում դուք կանգնած լինեք ընտրության առաջ՝ ընտրել Հայաստանը թե ձեր իրական շահերի կենտրոնը, որտեղ ձեր փողն է, դուք ընտրելու եք ձեր իրական շահերի կենտրոնը: Հենց դրա համար էլ շահագրգռված չեք Հայաստանում խաղաղությամբ, որովհետև խաղաղությունը չի նպաստում ձեր փողերի պաշտպանությանը և ձեր հարստության ավելացմանը»,- հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավարը: