ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 643 քրեական վարույթ (2024-ին՝ 1.215), որից 55-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 62 վարույթ՝ 134 անձի վերաբերյալ), 105-ը կարճվել է (2024-ին՝ 245), 193 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներ (2024-ին՝ 295), 53-ը՝ միացվել է (2024-ին՝ 147), 57-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 55), 180-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 471):
Արթուր Պողոսյանը, կարևորելով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ տարվող հետևողական մոտեցումը, ընդգծել է, որ այդ նպատակով քննիչների կողմից ներկայացվել է 744 միջնորդագիր, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով խնամակալության և հոգաբարձության մարմիններին, ուսումնական հաստատություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներին ուղարկվել է 62 միջնորդագիր:
Կարևորելով պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ Քննչական կոմիտեի կատարած հետևողական աշխատանքը՝ նշվել է, որ 2025 թվականի ընթացքում հանցագործությամբ պատճառված գույքային վնասի մասով վերականգնված գումարների աննախադեպ աճ է գրանցվել: Մասնավորապես՝ ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր՝ 47 մլրդ 129 մլն 552 հզր ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 8 մլրդ 41 մլն 225 հազարով (2024-ին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ):
Բացի դրանից՝ արգելանք է դրվել 1 մլրդ 294 մլն 194 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքի և 11 մլրդ 696 մլն 13 հզր դրամական միջոցների վրա, ընդհանուր` 12 մլրդ 990 մլն 207 հզր դրամի չափով: