ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ավստրալական Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Մուհամմադ Բամատրաֆին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով նախատեսվող համակարգային փոփոխությունները՝ կարևորելով միջազգային հեղինակավոր բուհերի հետ համագործակցության ընդլայնումը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային ուսանողների թվի աճը կարևոր նշանակություն ունի ինչպես ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային մրցունակության, այնպես էլ վարկանիշային ցուցանիշների բարելավման տեսանկյունից։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամմադ Բամատրաֆին նշել է, որ Մուրդոք համալսարանը հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերային կապերի զարգացմամբ և երկարաժամկետ համագործակցությամբ: Նա ներկայացրել է Մուրդոք համալսարանի գործունեությունը՝ նշելով, որ հետազոտական բուհը միջազգային կամպուսներ ունի Դուբայում և Սինգապուրում և միավորում է ավելի քան 24 հազար ուսանողի՝ աշխարհի շուրջ 90 երկրից։
Նա առաջարկել է քննարկել հայ ուսանողների համար կրթաթոշակային ծրագրերի, ինչպես նաև ագրարային, բժշկական և տեխնոլոգիական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության թվայնացման, տվյալահեն կառավարման համակարգերի, կրթության կազմակերպման գործում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ հարցեր: