Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գինը շուտով ավելի կնվազի, երբ պատերազմն ավարտվի, քանի որ, ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը չի կարող երկար դիմանալ: «Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է։ Ներգրավված եմ բանակցություններին։ Կարծում եմ՝ շուտով կարող են արդյունքներ լինել»,- հավելել է Թրամփը: Նրա խոսքով՝ ամերիկյան բանակն իր օրոք ավելի է հզորացել և համալրվել զինատեսակներով: «Մենք հիանալի վիճակում ենք։ Բայց, ամեն դեպքում, միշտ ավելիի կարիքը կա»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը: Լրագրողների հարցին՝ արդյոք Վաշինգտոնը Զելենսկու խնդրանքով Patriot զենիթահրթիռային համակարգի հրթիռներ կփոխանցի՞ Կիևին՝ Թրամփը պատասխանել է՝ դրանք Միացյալ Նահանգներին էլ են պետք:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ տեղեկացրել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է: Մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ, որոշ նավեր էլ հանվել են շարքից:
Իրան-ԱՄՆ լարվածությանն է անդրադարձել Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեղադրել է Վաշինգտոնին՝ բանակցությունների պատրվակով զանգվածային հարձակման նախապատրաստվելու համար: «Մենք չենք վախենում ամերիկյան սպառնալիքներից: Հորդորում ենք Վաշինգտոնին՝ կատարել ստանձնած պարտավորությունները»,- շեշտել է Ղալիբաֆը:
Պահպանվում է նաև հութիներ-Էր Ռիադ լարվածությունը: Տեղեկություններ կան, որ Եմենի «Անսար-Ալլահ» շարժումը շարունակում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային՝ հաջակցություն Իրանի: Սաուդական կողմը հայտնել է Եմենի հետ սահմանային տարածքներում խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ հութիները թիրախավորել են նաև Եմենի կառավարական ուժերին, հաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի մասին:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: