Այսօր՝ օգոստոսի 7-ը, ասորիների ցեղասպանության հիշատակման օրն է: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արման Ավչյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում և 1933-ին Հյուսիսային Իրաքում իրականացվել է ասորի ժողովրդի զանգվածային բնաջնջում: Շուրջ կես միլիոն ասորի սպանվել է, հարյուրավոր գյուղեր ու բնակավայրեր՝ ավերվել:
«Ասորիները և հայերն անցել են նույն ճանապարհով՝ կիսելով նույն ճակատագիրը, նույն կորուստները և նույն պայքարը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Հայաստանը դարձել է այն տունը, որտեղ ասորիները կարողացան վերականգնել իրենց կյանքը՝ պահպանելով լեզուն, եկեղեցին, մշակույթը և ինքնությունը:
Արման Ավչյանը նաև ասորերենով դիմեց ասորական համայնքին:
Ելույթի ավարտին պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը: