2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաև խոսքի ազատության սահմանների խախտման համար քրեական պատասխանատվության գործիքների կիրառմանը:
Նրա խոսքով՝ այս առումով Հայաստանում ընդհանրապես որոշակի չէ իրավիճակը, որովհետև պարզ չէ, թե խոսքի ազատության սահմանները խախտելու մի դեպքի համար ինչու կիրառվեց քրեական պատասխանատվություն, մյուսի պարագայում՝ ոչ:
«Ես չեմ խոսում այն մասին, որ բոլորը ենթարկվեն քրեական պատասխանատվության կամ չենթարկվեն, ես խոսում եմ այն մասին, որ պրակտիկան, միանշանակ, պետք է լինի միասնական, մինչդեռ Հայաստանում սա երբեմն նաև հայեցողականության տպավորություն է թողնում:
Ակնհայտ է, որ խոսքի ազատության սահմանների խախտումը, այո, չի ընդգրկվում խոսքի ազատության իրավունքի պաշտպանվող խոսքի շրջանակներում, բայց ակնհայտ է նաև, որ դրա համար վրա հասնող պատասխանատվության միջոցները տարբեր են՝ սկսած կարգապահական պատասխանատվությունից և, այո, ամենածանր դեպքերում՝ քրեական պատասխանատվություն, բայց սրա վերաբերյալ, ի վերջո, պետք է ձևավորել միասնական ու որոշակի պրակտիկա»,- համոզմունք հայտնեց Մանասյանը: