Ձեր նշած անձը Տաշիրում Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը չէր էլ կարող անել և չի արել վերջին տարիներին, որովհետև չի կարող որևէ մեկը Կառավարությանը համապատասխան ներդրումներ անել: Կառավարությունն է Տաշիրում ներդրումներ արել, դպրոց կառուցել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Սամվել Կարապետյանին անվանում «Կալուգացի օլիգարխ», եթե Հայաստանում նա հայտնի է «Տաշիրի Սամվել» անունով. դա հատուկ արվում է, որպեսզի ռուսականությո՞ւն հաղորդվի նրա կերպարին:
«Հայաստանում անձեր կան, բդեշխային տրամաբանության տարածքներ փորձում են կապել նրանց հետ: Այդ անձինք, ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ»,- ասաց նա:
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ներկայացվել է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործով մի առանձնատան նկատմամբ պետական սեփականություն է գրանցվել:
«Տեսա՞ք, ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսով վճռաբեկ դատարանի որոշմամբ արդեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից մեկի ընտանիքի անդամի առանձնատունն այլևս պետական սեփականություն է: Առաջիկայում կդառնա կա՛մ ծերերի խնամքի կենտրոն, կա՛մ որևէ այլ բան…
Ես ընդհանրապես ոչ միայն դեմ եմ, այլև թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն: Այդ տարածքն իրենց համար գոյության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, և որտեղ ազատությունը չի մտել, այդտեղ այդ ազատությունը մտնելու է: Հատիկ-հատիկ ձեռքներից առնելու ենք բոլոր գույքերը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կալուգացի բնորոշմանը, ապա, ըստ Փաշինյանի, Սամվել Կարապետյանին նման կերպ անվանելու պատճառն այն է, որ վերջինիս հետաքրքրությունների կենտրոնը ՀՀ-ից դուրս է:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին՝ լրագրողը հետաքրքրվեց՝ իշխող ուժի կողմից նրան ընդդիմության թեկնածու ներկայացնելու նպատակը նրան թիրախավորե՞լն է: Փաշինյանը արձագանքեց՝ նա չի կարող լինել պատգամավորի և վարչապետի թեկնածու:
«Ֆեյք լուրերից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձե՞ռքն ենք ընկնելու: Այդ մարդը հիբրիդային ֆեյք թեկնածու է: Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում ՀՀ-ում, հիմա էլ հիբրիդային ֆեյք թեկնածու են բերել ՀՀ-ում օգտագործելու համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին նիստի դրությամբ պետք է վարչապետ նշանակված լինի: