Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո կայացած Կայուն զարգացման նպատակների իրականացման համար գիտության, տեխնոլոգիաների և նորարարության (STI) 11-րդ բազմաշահառու ֆորումի նախարարական նիստի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ «Գիտություն-քաղաքականություն փոխկապակցության ամրապնդումը՝ հանուն կայուն զարգացման» խորագրի ներքո։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Դեսպան Հովհաննիսյանը ընդգծել է գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը՝ որպես զարգացման համար գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության արդյունավետության բարձրացման միջոց։ Նա ընդգծել է թվային ենթակառուցվածքների, տվյալների հասանելիության և մարդկային կարողությունների ոլորտներում առկա բացերի հաղթահարման, ինչպես նաև ներառական և տվյալների վրա հիմնվախ նորարարական քաղաքականությունների խթանման անհրաժեշտությունը։
Դեսպանը նաև ներկայացրել է Հայաստանի ջանքերը թվային վերափոխման, կրթության և նորարարական էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով, ինչպես նաև կարևորել է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը ֆինանսավորման բացերի, կապակցվածության խնդիրների և հատուկ իրավիճակում գտնվող երկրների, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների կառուցվածքային խոցելիությունների հաղթահարման գործում։