Խորհրդարանը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2025 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Հիմնական զեկուցող, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը իր ելույթում ուշադրություն հրավիրեց մի շարք խնդիրների վրա: Առաջինը, որ հուզում է հասարակությանը, տարբեր քաղաքական ուժերին, քաղհասարակությանը, ըստ Հակոբյանի՝ Հայաստանում գրանցված տեսալսողական մեդիայի ազատության աստիճանն է, ինչքանով են այդ լրատվամիջոցները ունակ՝ օբյեկտիվ տեղեկացնել հանրությանը, և որքանով են զերծ իշխանությունների ճնշումներից կամ միջամտություններից:
«Պետք է դարձյալ կրկնեմ, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ: Ազատ և անկախ ասելով՝ ես նկատի ունեմ միայն իշխանություններ, պետություն և մեդիա հարաբերությունները, և մեդիան իսկապես ազատ է: Անշուշտ, տարբեր լրատվամիջոցներ արդարացի դժգոհել և դժգոհում են տարբեր իշխանավորների ուշադրության պակասից, ոչ նպաստավոր պայմաններ, որոնք ստեղծվել են մեդիայի համար ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Երբեմն մեդիաները բողոքում են մեզ խտրական վերաբերմունքի համար, որ չեն ընդունում հրավերները կամ թիրախավորում են լրագրողներին, բայց այդպիսի առանձին դրսևորումները՝ ոչ ցանկալի, այնուամենայնիվ, չեն ստվերում այն պատկերը, որ մենք տեսնում ենք»,- ասաց ՀՌՀ նախագահը՝ ընդգծելով՝ Հայաստանում մամուլը ազատ է:
Նրա խոսքով՝ ավելի ճշգրիտ լինելու համար կարող է ասել՝ մեզ հասու չեն այն երևույթները, որոնք կարող էին ստվերել կամ խանգարել խոսքի ազատությանը:
«Մենք չենք կարող դատել ազատության մասին հիմնադիրներ-մեդիա, ֆինանսավորողներ-մեդիա, գովազդատուներ մեդիա հարաբերությունները: Բոլորս հասկանում ենք, որ այնտեղ վիճակը շատ ավելի տխուր է, մեկ-մեկ նույնիսկ հիասթափեցնող, բայց օրենքը որևէ գործիք չի տալիս մեզ, եթե առանձին բողոքներ չկան, միջամտել այդ փոխհարաբերություններին»,- նշեց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությանը, ընդգծեց՝ այն գործում է ազատ, թափանցիկ և անկախ:
«Անկախությունը երաշխավորված է և՛ Սահմանադրությամբ, և՛ օրենքով, և կարծում եմ՝ մեր կազմով, որովհետև մեզ մոտ հավաքված են ազատ մտածող մարդիկ, որոնք չեմ կարծում՝ կարող են ենթարկվել ինչ-որ ճնշումների: Բնական է, որ նման ցանկություն ունեն իշխանությունները կամ տարբեր քաղաքական ուժեր՝ միջամտել մեր գործերին, բայց համատեղ ուժերով մենք վերադառնում ենք ճշմարիտ ուղի»,- նշեց ՀՌՀ նախագահը: