Ամեն տարի հունվարի 26-ին Հնդկաստանը նշում է Հանրապետության օրը: 77 տարի առաջ այս օրը երկիրն ընդունեց Սահմանադրություն և պաշտոնապես դարձավ հանրապետություն՝ խզելով իր գաղութային անցյալը՝ գրում է BBC-ն։
Այս օրը մայրաքաղաքում անցկացվում է շքեղ շքերթ՝ ցուցադրելով երկրի ռազմական հզորությունն ու մշակութային ժառանգությունը: Սակայն ոչ պակաս կարևոր է, թե ով է լինելու պատվավոր հյուրը տոնական արարողության ժամանակ:
Այս տարի դա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան էին, որոնք պետական այցով գտնվում են Հնդկաստանում՝ հունվարի 25-27-ը։
Շքերթն ընդունում է Հնդկաստանի նախագահը, իսկ գլխավոր հյուրը կամ հյուրերը նստում են նրա կողքին՝ նախագահական աթոռին ավելի մոտ:
Երկար ժամանակ ենթադրվում էր, որ Հնդկաստանի նախագահի կողքին նստած անձի կամ անձանց ընտրությունը ավելին է, քան պարզապես արարողակարգային հարց։ Մասնագետների խոսքով՝ տասնամյակներ շարունակ գլխավոր հյուրի ընտրությունն ուշադիր դիտարկվել է որպես Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և այն հարաբերությունների ցուցիչ, որոնք Դելին ցանկանում է ընդգծել այդ պահին։
Այս պրակտիկան սկսվել է 1950 թվականին, երբ Ինդոնեզիայի այն ժամանակվա նախագահ Սուկառնոն մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվա առաջին շքերթին։
Այդ ժամանակվանից ի վեր աշխարհի տարբեր երկրներից առաջնորդներ են մասնակցել այդ շքեղ արարողությանը՝ արտացոլելով Հնդկաստանի գլոբալ հարաբերությունների և նրա ռազմավարական առաջնահերթությունների փոփոխությունները:
Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվավոր հյուրերը, այդ թվում՝ Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը, հրավիրվել են հինգ անգամ։ Ֆրանսիայի առաջնորդները նույնպես հրավիրվել են հինգ անգամ, Խորհրդային Միության, ապա նաև Ռուսաստանի առաջնորդները՝ մի քանի անգամ։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման դարձավ առաջին ամերիկացի նախագահը, որը մասնակցեց շքերթին 2015 թվականին։
Վերլուծաբաններն ասում են, որ Հնդկաստանի շքերթը տարբերվում է աշխարհի մյուս երկրների նմանատիպ զորահանդեսներից մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ ամեն տարի պատվավոր օտարերկրյա հյուրերի հյուրընկալումն է:
Ի տարբերություն շատ այլ երկրների, որոնց համար այս տոնակատարությունները կապված են ռազմական հաղթանակների հետ, Հնդկաստանում դա չեն նշում, նրանք տոնում են սահմանադրական ժողովրդավարության հաստատումը՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելը։