«Ընդամենը 5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ․ սա նոր իրողություն է, լրիվ այլ առողջապահական համակարգ»,- ողջունելով Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի 15-րդ ազգային վեհաժողովի մասնակիցներին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ բժշկական օգնության ու սպասարկման հասանելիության ընդլայնմանը զուգահեռ անհրաժեշտ է ապահովել մասնագիտական կարողությունների բարելավման անընդհատությունը:
Նախարարն այդ առումով կարևորել է այսօրինակ միջոցառումները` ընդգծելով սրտաբանության աշխարհի քարտեզում հայ մասնագետների ունեցած դերը։
Սրտաբանության ոլորտի արդիական խնդիրները, նորագույն մոտեցումներն ու միջազգային փորձը քառօրյա վեհաժողովին քննարկելու են եկել առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ եվրոպական երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև սրտաբաններ, թերապևտներ և ընտանեկան բժիշկներ հայաստանյան բժշկական կենտրոններից:
Համաժողովին տեսակապով միացել էր նաև Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Սեսիլիա Լինդեն, որը ողջունել է հայ սրտաբաններին, որից հետո հանդես եկել գիտական զեկույցով։
Վեհաժողովին խոսելով ոլորտում մեր ձեռքբերումների մասին՝ նշվել է, որ Հայաստանում նվազել է սրտամկանի ինֆարկտից հիվանդանոցային մահացության ցուցանիշը. այն այժմ կազմում է 3,1% և համապատասխանում է եվրոպական ցուցանիշներին։
Սա պետական ծրագրերի արդյունքն է. փաստում են մասնագետներն ու հավելում` մեկ միլիոն բնակչի հաշվով Հայաստանում արված ստենտավորման քանակով ու բուժսարքավորումների հագեցվածությամբ մեր երկիրը եվրոպական երկրների շարքում առաջատարներից է։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի 30-ամյակի կապակցությամբ ասոցիացիայի ոսկե մեդալով են պարգևատրվել անվանի սրտաբաններ-էնդովասկուլյար վիրաբույժներ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը (Ռուսաստան) և Ալեք Վահանյանը (Ֆրանսիա)։
Վեհաժողովն աշխատանքները կշարունակի մինչև հունիսի 14-ը: