2026թ. հունիսի 11-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում Կոլումբիայի նախագահությամբ կազմակերպված «Միջին Արևելքում քաղաքական լուծումների առաջմղումը. միջնորդությունը և երկխոսությունը հանուն տևական խաղաղության» խորագրով ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։
Մտահոգություն հայտնելով Միջին Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման մասին տեղեկությունների կապակցությամբ՝ ընդգծվել է, որ ՄԱԿ անդամ բոլոր պետությունները ՄԱԿ Կանոնադրությամբ պարտավորվել են հակասությունների կարգավորմանը ձգտել բանակցությունների, միջնորդության և իրենց ընտրությամբ այլ խաղաղ միջոցներով։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը նաև նշել է, որ Հայաստանը սատարում է իսրայելա–պաղեստինյան հակամարտության՝ «երկու պետության» սկզբունքին համահունչ՝ խաղաղ, տևական, արդար և համակողմանի կարգավորումը։
«Վերահաստատվեց Հայաստանի՝ հետևողական և ամբողջական սատարումը Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել հետհակամարտային կարգավորմանը, վերակառուցման ջանքերին, ինչպես նաև միջկրոնական երկխոսությանը։
Խորը անհանգստությամբ անդրադարձ կատարվեց Լիբանանում տիրող մարդասիրական իրավիճակին՝ նկատելով, որ Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին։ Այս համատեքստում, ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալը շեշտել է, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումների և սպանությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։