Մենք երկխոսության գործընթացի մեկնարկային փուլում ենք, ինչը բավականին բարդ է՝ նաև հաշվի առնելով 35 տարվա հակամարտությունը, դրա ամբողջ զգայական շերտերը, և, բնականաբար, մենք էլ քաջ գիտակցում ենք, որ գործընթացը բարդ է: Այդ մասին Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը, ապա ներկայացրեց հանդիպումների ժամանակ քննարկված թեմաները:
«Ադրբեջանական կողմից ընդգծվել է խաղաղության դիվիդենտների գաղափարը, որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը, երկու երկրների հասարակություններն իրենց մաշկի վրա զգան խաղաղության կամ հաստատված խաղաղության (ինչպես հայտարարվում է) օգուտները և արդյունքները: Բանակցություններ են ընթանում նաև այս ուղղությամբ տարբեր պրակտիկ ծրագրերի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ հայկական կողմը, հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը, բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը: Դրանցից է, օրինակ, ադրբեջանցի տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանությամբ բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս:
Միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրի: Վերջին նման օրինակն «Ազերթաջ»-ի ռուսալեզու հրապարակումն էր, որտեղ Երևանն «Իրիվան» էր գրվել: Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց: Ադրբեջանական կողմն առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ, այո՛, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, հռետորաբանության և տեղանունների խնդրին, փորձել հնարավորինս նվազեցնել նման դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացասաբար ազդել նաև կարգավորման գործընթացի վրա: Նույն «Ազերթաջ»-ի վերաբերյալ առնվազն խոստում եղավ, որ կզրուցեն ադրբեջանական խմբագրակազմի հետ»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ նման փոքր արդյունքները կարևոր են առաջ շարժվելու և փոխվստահության մթնոլորտ կառուցելու համար:
Նարեկ Մինասյանը նաև կարծիք հայտնեց, թե նման երկխոսությունները հիմք են ստեղծում, որպեսզի երկուստեք պարտավորություններ լինեն խաղաղության գործընթացում, ինչպես նաև այն, որ խաղաղության գործընթացի ներդրումներից մեկը կարող է դառնալ հումանիտար խնդիրների և հատկապես հայ ռազմագերիների վերադարձի լուծումը:
Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում օրերս՝ նոյեմբերի 21-22-ին, Ադրբեջան էր այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Հայաստանի ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել էին ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։