Նախատեսվում է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթն անցկացնել Հայաստանում: Սա շատ հետաքրքիր մի ձևաչափ է, որը Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով է իրականացվում և հնարավորություն է տալու մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում հատկապես դասական արվեստի ուղղությամբ: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 14-ի նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ այդմ՝ նախարարն առաջարկեց ընդունել ««Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթ» նախագծի իրականացման ծախսերի նախահաշիվը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման նախագիծը:
«Մրցույթը կանցկացվի հունիսի 6-ին: Օրը խորհրդանշական է, որովհետև, ըստ էության, մենք խոսում ենք աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա մասին: Այդ օրը դասական արվեստի միջոցով ևս մեկ անգամ կընդգծվի մեծանուն կոմպոզիտորի անվան և ստեղծագործական հարուստ ժառանգության արժեքն ու նշանակությունը:
Պատահական չէ նաև, որ մրցույթն անցկացվելու է Օպերային թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի, և այդ իմաստով այս միջոցառումը կդառնա Օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորելու շատ կարևոր միջոցառում՝ հատկապես հաշվի առնելով միջոցառման բովանդակությունը, որը հնարավորություն է տալու ընդգծել շենքի ճարտարապետական նշանակությունն ու գեղեցկությունը, քանի որ միջոցառումն անցկացվելու է ոչ միայն շենքի ներսում, այլև շենքի դրսում, հատկապես տանիքային հատվածներում, որտեղ բեմադրվում են բալետային և այլ ներկայացումներ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ ապահովվելու է ուղիղ հեռարձակում 11 երկրներում, որոնք ևս մասնակցելու են մրցույթին: Այդ երկրներն են Պորտուգալիան, Շվեյցարիան, Սերբիան, Բելգիան, Գերմանիան, Չեխիան, Կիպրոսը, Լեհաստանը, Լատվիան, Շվեդիան և Հայաստանը:
Հայաստանի մասնակիցն այս տարի լինելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը: Նա, ըստ նախարարի, ունի մեծ ճանաչում, հեղինակավոր նվագախմբերի հետ է հանդես եկել:
Նախատեսվում է, որ ոչ միայն Օպերային թատրոնի դահլիճում գտնվողները, այլև, օրինակ, հրապարակում գտնվողները կարողանան միջոցառման մասնակիցը լինել: