Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերականգնման աշխատանքների շրջանակում առաջարկվում է 1 ճանապարհի հիմնանորոգման և 13 ճանապարհների նախագծերի պատրաստման համար Կառավարության միջոցներից շուրջ 186 մլն դրամի վերաբաշխում կատարել: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 14-ի նիստին ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Գումարն ուղղվելու է ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողոթյան ծառայությունների, ինչպես նաև ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերի ու փորձաքննական ծառայությունների ձեռքբերմանը:
Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև ճանապարհների ցանկը, որոնց թվում են Նոր Ամանոսի կրթահամալիր տանող ճանապարհը, Սյունիքի կրթահամալիր տանող ճանապարհը, ինչպես նաև տարբեր մարզերում միջնակարգ, ավագ և հիմնական դպրոցներ տանող ճանապարհներ: Խոսքը շուրջ 10 կմ ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորման մասին է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց՝ իսկ «դպրոցական բասերի» մոդելը շահագործվո՞ւմ է, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց՝ դա այս ծրագրի մասն է:
«Հիմա ընթացքում է, և առնվազն պլանավորում ենք առաջիկա ուսումնական տարում փորձարկել մոդելը: Հիմա բուռն նախապատրաստական աշխատանքի ընթացքում ենք: Դա մեզ համար նոր մոդել է, և դրա փորձարկման կարիքը կա»,- ասաց նախարարը: