Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման՝ 2024-2028 ծրագրով պետական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված առավելագույնը 300 գլուխ տոհմային կենդանու համար: Մինչդեռ մասնավոր հատվածից ստանում ենք ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆեմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլև արտադրել կաթ և վերամշակել: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 14-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Այս առումով առաջարկվում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանու:
Միաժամամակ կենդանիների հետագծելիությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել նաև պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ նախորդիվ իրականացրած ծրագրերի արդյունքում արդեն շուրջ 2350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել, իսկ այս տարի արդեն հաստատվել է 1300 գլուխ մանր եղջերավոր կենդանու ձեռքբերման հայտ: