ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ներկա է եղել «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի ամփոփիչ համաժողովին: Միջոցառումը համախմբել էր կրթության ոլորտի պատասխանատուներին, միջազգային գործընկերներին, ծրագրերի մասնակիցներին և կրթական համայնքի ներկայացուցիչներին։
Ծրագիրը մշակվել է Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի կողմից և իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այն նպատակ ունի աջակցել դպրոցական թիմերին՝ ստեղծելու ժամանակակից, զարգացող և սովորողի կարիքներին համապատասխան կրթական միջավայր։
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով դպրոցի առաջնորդության և ղեկավարման բարեփոխմանն ու զարգացմանն ուղղված ծրագրի կարևորությունը, որն էական ազդեցություն կունենա հանրակրթության համակարգի զարգացման վրա․ «Հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և դպրոցում կրթության որակի փոփոխությունը բարձրացնելու տեսակետից ամենաէական դերակատարներից մեկը դպրոցի տնօրենն է։ Ծրագրին մասնակից տնօրեններն ուսումնասիրել են էստոնական փորձը, որը կարող է օգտակար լինել բարեփոխումների հետագա ընթացքի համար։ Լիահույս եմ, որ այն աշխատանքը, որն իրականացվել է այս ծրագրի շրջանակում, կնպաստի դպրոցներում ներուժի և փոխվստահության միջավայրի զարգացմանը»:

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ և համակարգված կազմակերպելու տեսակետից դիտարկվում է այս ծրագրի մասնակիցներին հետագայում ընդգրկել որպես դասընթացավարներ՝ նրանց ներուժը և ռեսուրսն օգտագործելու հնարավորությամբ:
ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաննա Հարությունյանը կարևորել է ծրագրի շարունակականությունն ու արդյունավետությունը՝ ընդգծելով մասնակիցների ձեռքբերումներն ու կրթության զարգացման գործում նման նախաձեռնությունների կարևորությունը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ծրագրի ղեկավար Սիլվեր Պրամանը, Տալլինի համալսարանի ներկայացուցիչ և «Հայաստանում կրթական առաջնորդության կարողությունների զարգացում-2025–2026» ծրագրի ղեկավար Մարի Լիիս Սուլցը, ինչպես նաև ծրագրին մասնակից դպրոցների տնօրեններ:
Համաժողովն ամփոփել է շուրջ մեկ տարի տևած ծրագրի արդյունքները, որի շրջանակում վերապատրաստումների և համագործակցային աշխատանքի միջոցով մասնակից դպրոցները մշակել և իրականացրել են կրթության զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Ծրագրին մասնակցել են 20 դպրոցի տնօրեններ և 5 դպրոցների թիմեր՝ յուրաքանչյուրում՝ 6 մասնակից, ընդհանուր՝ շուրջ 50 մասնակից։

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ծրագրերի մասնակիցների և թիմերի վկայականների հանձնման արարողությունը։
Վերջին փուլի վերապատրաստումներն անցկացվել են Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում։ Դրանց մասնակցել են ծրագրում ներգրավված դպրոցների ղեկավարներն ու մանկավարժները, ինչպես նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի, Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի ներկայացուցիչները։
Համաժողովում անդրադարձ է կատարվել նաև դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը, համագործակցային մշակույթի ձևավորմանը, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության կազմակերպմանը։