Հայաստանն ու Վիետնամը ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն, ինչը նպաստում է քաղաքական երկխոսության հետևողական զարգացմանը և բազմակողմ հարթակներում սերտ համագործակցությանը: Այս մասին մայիսի 14-ին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարևորել է քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների ակտիվացման միջոցով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆան Թի Թանգը գոհունակությամբ նշել է, որ տարբեր մակարդակների շփումների և փոխայցելությունների շնորհիվ երկու երկրների միջև հաստատվել են քաղաքական՝ վստահության վրա հիմնված հարաբերություններ:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի ու Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին:
Բաբկեն Թունյանը հայտնել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում կկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Այս համատեքստում նույնպես կարևորվել է փոխգործակցությունը և Վիետնամի պատվիրակության մասնակցությունը:
Արձանագրելով երկկողմ ապրանքաշրջանառության զգալի աճ՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել լրացուցիչ ջանքեր տնտեսական կապերի ընդլայնման և գործարար շրջանակների միջև գործնական հարաբերությունների սերտացման ուղղությամբ: