Վերջին շաբաթվա ընթացքում Կրեմլը երրորդ անգամ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց պահանջել է զորքերը դուրս բերել Դոնբասից՝ նման քայլը նշելով որպես պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ սկսելու պայման։ «Զելենսկին պետք է հրամայի ուկրաինական զինված ուժերին դադարեցնել կրակը և լքել Դոնբասը»,- չորեքշաբթի՝ մայիսի 13-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ «այդ պահին կհաստատվի հրադադար, և կողմերը կարող են հանգիստ սկսել բանակցել»։ Միևնույն ժամանակ, բանակցությունները «անխուսափելիորեն շատ բարդ կլինեն և մեծ թվով կարևոր մանրամասներ կպարունակեն»,- հավելել է Պեսկովը:
Մոսկվան բազմիցս հայտարարել է խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին՝ դա կապելով ուկրաինական ուժերի դուրսբերման հետ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի ամբողջ մարզերից, որոնք Կրեմլը համարում է Ռուսաստանի տարածք 2022 թվականի «հանրաքվեների» արդյունքներից հետո։