Իսկ ինչու համաձայնագրի տեքստում չի ամրագրվել Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի խնդիրը: Այս հարցի պատասխանը ևս հստակ տրվում է վարչապետի ուղերձում:
«Օգոստոսի 11-ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, և արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ Մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Իհարկե, կան նաև առարկայական քննադատություններ։
Դրանցից առաջինը վերաբերվում է Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։
Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022 թվականի գարնանից, և մենք այդ հարցը Համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից, և եթե հարցը թողնված լիներ Խաղաղության համաձայնագրին, դա կարող էր և տեղի չունենալ և մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությանը վերջերս ականատես եղաք։
Երկրորդ առարկայական քննադատությունն այն է, որ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։
Այս քննադատությանն ի պատասխան պիտի հիշեցնեմ, որ դեռևս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։
Ժողովուրդը, այսինքն՝ դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար։
Ինչ վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ, որ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Ու ընդհանրապես, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ, այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։
Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք և մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս։
Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։