Սա ինձ համար մեծ պատիվ է, միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը ավանդաբար ամենածանրաբեռնվածն է Ազգային ժողովում, քանի որ այս հանձնաժողովում են քննարկվում պետության և քաղաքական համակարգի կազմակերպմանն առնչվող հարցերը, սահմանադրաիրավական հարցերը, ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, քաղաքական կուսակցությունների գործունեությանն առնչվող հարցերը և այլն: Այս մասին խորհրդարանում իր ելույթում ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովն ահռելի աշխատանք է կատարել դրա նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ, բոլոր պատգամավորների և փորձագետների ակտիվ ներգրավմամբ, ինչի համար նրանց հայտնեց իր մեծ երախտիքը:
«1000-ից ավելի նախագծեր են քննարկվել և ընդունվել, այդ թվում՝ մայր օրենքներ, ամիսներ շարունակ քննարկել ենք, ապա ընդունել նոր Քրեական օրենսգիրքը, նոր Քրեական դատավարության օրենսգիրքը»,- հայտնեց թեկնածուն:
Իր խոսքում Ջուլհակյանն առանձնացրեց երեք հիմնական ուղղություն, որոնց վրա հիմնականում կենտրոնացած են եղել հանձնաժողովի աշխատանքները վերջին տարիներին: Առաջինը արդարադատության ոլորտի բարեփոխումներն են:
«Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, այդ թվում՝ հանձնաժողովի կողմից, սակայն պետք է արձանագրել, որ դեռևս առկա են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ դատական վարույթների տևողություն, դատարանների ծանրաբեռնվածություն, որոշումների կանխատեսելիության հարցեր և այլն: Սրանք խնդիրներ են, որոնց լուծման ուղղությամբ նույնպես ընդունվել են օրենսդրական կարգավորումներ:
Հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ այս խնդիրները ոչ միայն բարձրաձայնվում են, այլև ստանում են օրենսդրական և ինստիտուցիոնալ լուծումներ»,- տեղեկացրեց Ջուլհակյանը:
Երկրորդ ուղղությունը, նրա խոսքով կոռուպցիայի դեմ պայքարն է:
«Կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային դեր ունի, իհարկե, քաղաքական կամքը, բայց այդ կամքը միայնակ հրաշքներ չի կարող գործել: Այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար»,- ասաց թեկնածուն:
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրենց կողմից քննարկված և ընդունված կարևորագույն օրենքներից է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, որն արդեն գործում է ու տալիս է իր արդյունքները:
Ըստ Ջուլհակյանի՝ երրորդ ուղղությունը սահմանադրական բարեփոխումներն են: