40 տարի Հայաստանը և Ադրբեջանն ապրել են թշնամության միջավայրում: Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել, և, վե՛րջ, թշնամություն այլևս գոյություն չունի, միայն խաղաղություն է: Այդ մասին ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս հարաբերություններին:
«Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից: Բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է, որովհետև, էլի եմ ասում, այդ գործընթացը հնարավոր չէ, եթե նույնիսկ հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված լիներ, որովհետև խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումն այն է, ինչ տեղի է ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական մակարդակում:
Թո՛ւյլ տվեք ասել, որ իրականում այս ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, իհարկե, թվերով արտահայտված չեն, բայց թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ այդ ուղղությամբ ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր սպասել:
Հետևաբար, ես վստահ եմ, որ կհասնենք այդ կետին, երբ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին մենք խաղաղության համաձայնագիրը կստորագրենք»,- ասաց նա:
Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ըստ Փաշինյանի, չի նշանակում, որ աշխատանքն ավարտվեց: Համաձայնագրի ստորագրումից և տեքստի հրապարակումից հետո բազմաթիվ ուղղություններով անհրաժեշտ է լինելու համաձայնեցնել և ստորագրել նորանոր համաձայնագրեր, այդ թվում՝ ոլորտային համագործակցության առումով, չնայած այն հանգամանքին, որ տրանսպորտի ոլորտում, օրինակ, կա համագործակցություն՝ առանց համաձայնագրի:
«Այս առումով չափազանց կարևոր է TRIPP նախագիծը, և չափազանց կարևոր են այն նախագծերը, որոնք քննարկվում են ԵՄ-ի հետ: Հենց աշխարհագրական դիրքի վերաբերյալ խոսույթը դրա մասին է, որ երբ մենք լիարժեք բացենք ճանապարհները միմյանց համար, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը բացվի (իսկ որ դա տեղի է ունենալու, ես ոչ մի րոպե չեմ կասկածում, դա շատ ակնհայտ է), դա նույնպես խաղաղության ինստիտուցիոնալացման շատ կարևոր քայլ է:
Ընդ որում՝ մենք մեր ճանապարները միմյանց տրամադրելու ենք ազատ տեղաշարժի և ազատ բեռնափոխադրումների, երթևեկության համար երկկողմ առևտրի իմաստով, Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի ճանապարհով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի ճանապարհներով՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տեսակետից ահռելի պոտենցիալ կա իրագործելու ՀՀ-ԵՄ համագործակցության տեսակետից: