Հարգելի գործընկերներ, այստեղ՝ այս դահլիճում, կամ տանը՝ հեռուստաէկրաններից, դուք տեսնում եք մի կատարյալ տրագիկոմեդիայի ավարտը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Սրանից 5 տարի առաջ փողոցներում «կրելու ենք, կրելու ենք» տոնով առաջ եկող քաղաքական ուժն այսօր եկել է, Ազգային ժողովի ամբիոնից խոսում է այն մասին, թե ոնց անեն, որ անվավեր քվեաթերթիկները մի քիչ քիչ լինեն, Քոչարյանը շանս ունենա անցողիկ շեմը հաղթահարելու:
Չի՛ ունենալու այդ շանսը, չեք անցնելու, շեմի տակ եք մնալու»,- հայտարարեց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին:
Նրա խոսքով՝ չի իրականանալու ընդդիմադիրների՝ անցողիկ շեմը անցնելու մարմաջը:
«Չե՛ք անցնելու: Այս իշխանությո՞ւնն է դատարկում մարզերը: ՀՀ անկախությունից ի վեր միակ իշխանությունը, որի օրոք սահմանամերձ գյուղերում 2000-ից ավելի տուն է կառուցվել, գործող իշխանությունն է: Միակ իշխանությունը, որի օրոք մանկապարտեզները ոչ թե թալանվել են, այլ կառուցվել են, այս իշխանությունն է: Մի հատ գնացեք նայեք, էլի, ձեր թողած իշխանությունը:
ՀՀ որդիներին ո՞ւմ պատերազմում զոհել եք խոստացել, ՀՀ քանի հազար զինվոր եք խոստացել ո՞ւմ սահմաններին մեռնելու: Ո՞ւմ եք խոստացել ու ինչքան եք խոստացել՝ եկեք էստեղ կանգնեք ու ասեք: Ո՞ւմ երեխեքի կյանքի գնով եք էդ խոստումը խոստացել»,- ասաց Ալեքսանյանը՝ պատասխանելով պատգամավորի՝ մարզերը դատարկելու վերաբերյալ մեղադրանքներին:
Ինչ վերաբերում է ՀՀ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին հնչող մեղադրանքներին ու հայտարարություններին, Ալեքսանյանը նկատեց՝ այս մոլորակում նրանցից ու Սամվել Կարապետյանի թիմից բացի ոչ ոք այդ ադրբեջանցիների թեզն առաջ չի տանում:
«Ադրբեջանում դրա մասին խոսակցություն չկա ֆիզիկապես այնքան, որքան կա Հայաստանի ընդդիմադիր դաշտում: Կալուգացի Սամոն ու չգիտեմ որտեղացի Ռոբը իրար հետ միասին այս գիծն առաջ են տանում: Դուք եք այդ գծի ջատագովները, բայց չէ՝ «спасибо, но нет», ձեր աշխատանքային լեզվով ասած»,- ընդգծեց պատգամավորը: