Այսօր աշխարհում տնտեսական կայունության ապահովումը դարձել է լուրջ մարտահրավեր՝ պայմանավորված աշխարհաքաղաքական հակամարտությունների խորացմամբ և համաշխարհային առևտրային հարաբերություններում լարվածության սրմամբ: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության կողմից Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, կառուցվածքային փոփոխությունները, արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուց մինչև բնակչության ծերացում և կլիմայի փոփոխություն, էապես մեծացրել են համաշխարհային տնտեսական աճի հեռանկարի շուրջ անորոշությունը:
«Այս գործոնների համակցված ներգործությունը լուրջ փորձություն է տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար մի աշխարհակարգում, որը դարձել է ավելի մասնատված, փխրուն ու անորոշ:
Վերջին 6 տարում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվել է այն համոզմունքով, որ մակրոտնտեսական կայունության ապահովման մեր հանձնառությունը պետք է լինի անվերապահ»,- ասաց Գալստյանը:
Ըստ Գալստյանի՝ Կառավարության իր գործընկերների հետ ներդրված ջանքերի շնորհիվ մակրոտնտեսական կայունությունն այժմ վստահաբար դարձել է ՀՀ այցեքարտը համաշխարհային ներդրումային քարտեզի վրա:
Թեկնածուն այնուհետև անդրադարձավ ԿԲ-ի կարևորագույն ձեռքբերումներին և ապագայի տեսլականին:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցը: