ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հրավերով ժամանել ՝ Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին։
Հայաստան այցի առաջին օրը, տկն․Իվանա Ժիվկովիչը՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ընկերակցությամբ, այցելեց Արարատի մարզ։

ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից, ՄԱԶԾ կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ղեկավար պրն․ Արամազդ Ղալամքարյանի հետ, այցելեց Ազատի ջրամբար, որը հանդիսանում է երկրի կարևորագույն հիդրատեխնիկական կառույցներից մեկը և ունի ռազմավարական նշանակություն ինչպես ջրային ռեսուրսների կառավարման, այնպես էլ ջրածածկման գոտում գտնվող համայնքների անվտանգության տեսակետից։ Այն պահանջում է շարունակական հսկողություն և և ռիսկերի մանրամասն կառավարում, որի ապահովման նպատակով ջրամբարում տեղադրվել են ժամանակակից մոնիթորինգային սարքավորումներ, օդերևութաբանական և հիդրոլոգիական դիտարկումների արդիականացված միջոցներ, ազդարարման շչակային համակարգեր, ֆոտովոլտաիկ կայաններ, իրականացվել են ինժեներա-երկրաբանական և գեոֆիզիկական հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կերպով հայտնաբերել, վերլուծել և կառավարել հնարավոր ռիսկերը։
Ծրագրի ուղղակի շահառուները ոչ միայն ներկայացված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են, այլ նաև ջրածածկման գոտումն բնակվող շուրջ 167,000 քաղաքացիները։ Ավելին, ծրագրի շրջանակներում տեղադրվել է եղանակի թվային կանխատեսման և վիզուալիզացիայի համակարգ, որը արդեն իսկ ապահովում է առավել ճշգրիտ և մանրամասն թվային կանխատեսումներ Հայաստանի բոլոր բնակավայրերի համար։
ՄԱԶԾ-ն՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, վերանորոգել է 10 ամբուլատորիաներ և 10 ապաստարաններ երկրի տարբեր մարզերում` թեթևացնելով մարզերում տեղական ծառայությունների ծանրաբեռնվածությունը։ Տկն․ Իվանա Ժիվկովիչը՝ Մասիս համայնքի ղեկավար պրն․ Նորայր Հակոբյանի հետ, այցելեց Արարատի մարզի Մասիս համայնքի խոշորագույն բնակավայրերից մեկը՝ Այնթապ, որտեղ նոր վերանորոգված ամբուլատորիան այժմ սպասարկում է շուրջ 9 000 մարդու, այդ թվում՝ 373 փախստականի և 714 հաշմանդամություն ունեցող անձի՝ ապահովված լինելով ժամանակակից սարքավորումներով և 10 կՎտ հզորությամբ արևային համակարգով, որը էներգիայի ծախսերը կրճատում է մինչև 90 տոկոսով՝ ավելի շատ խնայողություն, ավելի հասանելի կենսական օգնություն։