Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2 օրով հրադադար է հայտարարում Ուկրաինայում՝ մայիսի 8-ին և 9-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հույս ունենք, որ ուկրաինական կողմը կհետևի այս օրինակին»,- ընդգծել է ռուսական ռազմական գերատեսչությունը։
Միևնույն ժամանակ, նախարարությունը հավելել է, որ եթե Ուկրաինան փորձի խոչընդոտել Հաղթանակի օրվա տոնակատարությունը, ռուսական զորքերը «կհասցնեն պատասխան, զանգվածային հրթիռային հարված Կիևի կենտրոնին», ինչից մինչ այժմ զերծ էին մնացել։
«Զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին՝ անհրաժեշտության դեպքում ժամանակին լքել քաղաքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես չի տեղեկացրել Ուկրաինային հրադադարի մասին և չի առաջարկել միանալ դրան։ Նա հավելել է, որ կարճաժամկետ հրադադարը համարում է անիմաստ։
«Կրակի դադարեցում մեկ օրով, իսկ մինչ այդ սպանել մեր մարդկանց` մեղմ ասած, ազնիվ չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հրադադարը Հաղթանակի օրվա առիթով հնարավոր էր համարել Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում, որը տեղի էր ունեցել ապրիլի վերջին։ Ուկրաինան առայժմ չի համաձայնել հրադադարին։ Կրեմլը հայտարարել էր, որ Կիևի համաձայնությունը պարտադիր չէ, քանի որ «դա Պուտինի որոշումն է, և այն կիրականացվի»։
Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով Պուտինի խոսքերը, ապրիլի 30-ին ասել էր, որ Ուկրաինան շահագրգռված է երկարաժամկետ հրադադարով։ Մայիսի 4-ին Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայում շքերթի կրճատված ձևաչափը՝ այս տարի առանց ռազմական տեխնիկայի, վկայում է ռուսական իշխանությունների վախի մասին ուկրաինական անօդաչու սարքերից։
«Նրանք չեն կարող թույլ տալ ռազմական տեխնիկա, և վախենում են, որ անօդաչուները կարող են անցնել Կարմիր հրապարակով։ Սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն»,- ասել է Զելենսկին։