«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ի հետ վերջին տարիների ընթացքում:
«Երևանյան երկխոսություն համաժողովի գոյության ընթացքում տեղի է ունեցել շատ կարևոր և էական մի բան, որը կարող է նույնիսկ անհավանական թվալ. ՀՀ-ի աշխարհագրական դիրքը փոխվել է. մենք հիմա ունենք բոլորովին այլ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք ընդամենը մի քանի տարի առաջ: Ընդ որում՝ ես ուզում եմ ասել, որ հասկանալիորեն, ՀՀ-ն այն նույն տեղում է, որտեղ և եղել է նախկինում. հենց սրանում է ամբողջ իմաստը և նրբությունը, որ, գտնվելով միևնույն տեղում, մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում, բայց որպեսզի այսօրվա աշխարհագրական դիրքը ես ճշգրիտ նկարագրեմ, ուզում եմ խոսել, թե նախկինում ինչպիսին էր միջին վիճակագրական ընկալումը աշխարհագրական դիրքի մասին, որը, ի դեպ, տարածված էր թե՛ մեզանում, թե՛ մեր մասին արտերկրյա պատկերացումների մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ նախկինում արձանագրվում էր, որ ՀՀ-ն ունի շատ բարդ և խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետև գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում՝ ունենալով խնդրահարույց հարևանություն և հետևաբար՝ այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր: «Թերևս այս ընկալումն էր, որի ծագումնաբանության մասին դեռ պետք է խոսել և մտածել, որ առաջնորդում էր մեր պետությունը, մեր գիտակցությունը, մեր բոլոր գործողությունները, որոշումները, ընկալումները մեր և աշխարհի մասին: Ես կարող եմ դա արձանագրել. տեղի է ունեցել իրապես պատմական մի իրադարձություն այն իմաստով, որ հիմա ՀՀ-ի աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունն այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում, այլ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի նկարագրությունն այն է, որ ՀՀ-ով է անցնում Արևելքը Արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը, և այս ընկալումն իր հետ բերում է բոլորովին նոր նկար և նոր պատկեր Հայաստանի Հանրապետության, նրա վիճակի և նրա պոտենցիալի: Եվ այսօր ՀՀ կառավարության խնդիրն է հենց այս դիտանկյունից մոտենալ հարցերին և հենց այս դիտանկյան վրա կառուցել ՀՀ-ի ռազմավարությունները:
Այդ ռազմավարությունները նկարագրելու համար է, որ մենք որդեգրել ենք և իրականացնում ենք երկու՝ իրարից բխող և փոխկապակցված նախագծեր: Դրանցից առաջինը, որ ես առիթ եմ ունեցել ներկայացնելու, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, և երկրորդը ԹՐԻՓՓ նախագիծն է: «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագիծը առաջին հերթին, մեր ընկալումներով, երկաթուղային կապի վերականգնում է Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ, իհարկե, երբ խոսք է լինում երկաթուղու մասին, երկաթուղին առաջին հերթին որոշակի պայմաններ է ենթադրում, այդ թվում՝ աշխարհագրական, ռելիեֆային, և ակնհայտ է, որ մենք ունենք այս փուլում հիմնական մի ուղի, և դա Հայաստանի հարավով անցնող երթուղին է, որով մենք պատկերացնում ենք Արևելքը Արևմուտքի հետ կապելու գործընթացը և այդպես շարունակ:
Բայց երկաթուղին ԹՐԻՓՓ նախագծի միակ ուղղությունը չէ: ԹՐԻՓՓ և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շրջանակներում ենթադրվում են էլեկտրահաղորդման գծեր, ենթադրվում են խողովակաշարարեր՝ նավթատար, գազատար, որոնք արդեն ամենևին պարտադիր չէ, որ անցնեն իմ նշած երթուղով ՀՀ ամբողջ տարածքով ինժեներական, տեխնիկական բազմաթիվ նրբությունների հետ, այդ բոլոր նախագծերը կարող են իրականացվել:
Մենք հիմա կենտրոնացած ենք այս խնդիր վրա, որպեսզի իրականացնենք այս պոտենցիալը, որը թաքնված է մեկ նախադասության մեջ:
Ընդհանրապես, շատ է խոսովում երկրների ներդրումային հետաքրքության մասին, բայց վերջին քննարկումների արդյունքում ես արձանագրել եմ, որ ՀՀ-ն արդեն գտնվում է մի աշխարհագրական դիրքում, և, իհարկե, այդ ամենը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությամբ հաստատված խաղաղության պայմաններում, երբ որ Հայաստանի ներդրումային միջավայրը և Հայաստանի ներդրումային կարգավիճակը էականորեն փոխվում են: Այդ կարգավիճակը փոխվում է հետևյալով, և կարծում եմ, որ սա մի արտահայտություն է, մի նախադասություն է, որը կարող է դառնալ ՀՀ-ի ներդրումային բրենդը, և այդ նախադասությունը հետևյալն է. «Ամենակարճ ճանապարհը՝ Արևելքի և Արևմուտքի միջև»,- ասել է վարչապետը: