Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության շրջանակում լրագրողը հետաքրքրվեց՝ Հայաստանին տեսնո՞ւմ է Եվրոպայի մաս: Մակրոնը պատասխանեց՝ այո՛, և կարծում եմ, որ սա ճիշտ ընտրություն է:
«Եվրոպան պետք է գոյություն ունենա պատմական և աշխարհագրական շրջանակում, ոչ միայն ինստիտուցիոնալ շրջանակներում: Բնականաբար, ԵՄ-ն կարևոր դեր է խաղում, երբ խոսում ենք Եվրոպայի մասին՝ իր հզորությամբ, իր բարդությամբ, ինտեգրացիայի աստիճանով, և սրանով չի սահմանափակվում ամեն ինչ: Եվրոպան աշխարհագրություն է, պատմություն, քաղաքակրթություն»,- ասաց նա:
Այս համատեքստում Մակրոնը տեղեկացրեց, որ առավոտյան պատվիրակությունների հետ այցելել են Մատենադարան:
«Հայաստանի պատմությունը տեսնելով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ունի եվրոպական պատմություն՝ քրիստոնեության իր դերով, իր պատմությամբ: Եվ ԵՔՀ-ն հենց այդ մեծ Եվրոպայի՝ մայրցամաքի ճանաչումն է»:
Մակրոնը նաև կարծիք հայտնեց, թե տարածաշրջանները զոհ են դարձել կայսրությունների՝ միաժամանակ հիշեցնելով, թե այս համատեքստում Հարավային Կովկասն ինչպիսի պատմությունների միջով է անցել:
«Եվրոպայի կառուցմամբ Արևմտյան Եվրոպան կարծես իմունիտետ է ձեռք բերել այդ ամենի դեմ: 90-ականներից ի վեր թույլ տրվեց նաև Կենտրոնական Եվրոպայի երկրներին՝ միանալու այդ պատմությանը, և այժմ սա ընդհանուր էմանսիպացիա է:
Հիմա արդյոք պե՞տք է լինի ԵՄ ինտեգրացիա կամ ընդլայնում: Չգիտեմ, վստահ չեմ: Դա կախված է յուրաքանչյուր երկրի ընտրությունից, և սա շատ պահանջկոտ գործընթաց է: Վստահ եմ, որ մենք չպետք է սպասենք դրան, այսինքն՝ հենց այս պահից, հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, գործել, և հենց այդպես էլ մենք արեցինք վերջին տարիներին: Մենք կառուցեցինք մեծ Եվրոպան իրական առումով, և Հայաստանը հենց այդ ճանապարհն է անցել:
Ի՞նչ է Եվրոպան, որ ընդունի՝ կայսրություններն իրար մեջ բաժանեն Հարավային Կովկասը: Սա չէ Եվրոպան: Նույն ձևով՝ ո՞րն է Հայաստանի ապագան, եթե ոչ՝ եվրոպական ապագա: Սա միակն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն և հավասարակշռություն»,- ասաց նա:
Մակրոնը նաև նկատեց, որ տեղի ունեցած միջոցառումների շրջանակում բոլորին նույնքան ժամանակ է տրված եղել խոսելու, սա, ըստ Ֆրանսիայի նախագահի, «եվրոպական ԴՆԹ»-ն է, որը հարգում է մյուսներին, չի փորձում մյուսներին հնազանդեցնել կամ լինել դոմինանտ, և դա վասալի տրամաբանությունը չէ, ինչն անցյալում էր: