2024 թվականին ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու մասին կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից: Նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ ստացել են պետական աջակցություն՝ մի մասն ավելի ցածր հարկային դրույքաչափի տեսքով, մյուս մասը՝ վերադարձի: 2025 թվականի ընթացքում աջակցությունը ստանում էին հենց ՏՏ ընկերությունները, և ԱԺ կողմից ընդունված օրենքի կարգավորումն այնպիսին էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից այդ աջակցության մեխանիզմը պետք է փոխվեր, ու աջակցություն ստանային ոչ թե ընկերությունները, այլ այդտեղ աշխատող միգրանտները: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Այս մասին այսօր հրավիրված ԱԺ հերթական նիստի ընթացում ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ Բաբկեն Թունյանի՝ 2026 թվականի առաջին ամիսների զարգացումները ցույց են տվել, որ միգրանտների կողմից աջակցության համար դիմելու ու այդ գումարը ստանալու առումով տեխնիկական խնդիրներ են առաջանում: Այդ է պատճառը, որ որոշվել է փոխել մեխանիզմն ու աջակցությունը շարունակել փոխանցել միգրանտներին՝ ընկերությունների միջոցով:
Զեկուցողը նշել է, որ այդ ընթացքում ընկերությունների համար հարկային նոր պարտավորություններ չեն առաջանա:
Իսկ երկրորդ փոփոխությամբ ավելի լավ պայմաններ կապահովվեն առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների համարգ դրանց ավելի մեծ աջակցություն կտրվի:
Նախագիծը մշակել են Բաբկեն Թունյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Հարակից զեկուցումը ներկայացրել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Փոխնախարարը նկատել է, որ տեխնոլոգիական ոլորտը բավականին արագ է զարգանում, և անհրաժեշտ է ճկուն քաղաքականություն վարել:
«Քննարկվող փոփոխությունները կատարվում են տեխնոլոգիական ընկերությունների հետ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով»,- ասել է ԲՏԱ նախարարի տեղակալը: