ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությունը միտված է լուծելու բիզնեսում կուտակված գործնական խնդիրները, նվազեցնելու ավելորդ հարկային բեռը և հստակեցնելու մի շարք կարևոր կարգավորումներ։
Մասնավորապես՝
-
ապրանքների վերադարձի դեպքում սահմանվում է գործարքների ճշգրտման հնարավորություն՝ առանց «հետվաճառք» ձևակերպելու։ Ինչը թույլ կտա վերադարձն իրականացնել նույն գործարքի շրջանակում՝ դարձնելով գործընթացն ավելի պարզ ու տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները՝ առավել ճշգրիտ,
-
ՀԴՄ կտրոնով ապրանքների գնումների վերադարձի դեպքում ԱԱՀ-ի ճշգրտումները կարտացոլվեն հենց վերադարձի ամսվա հաշվետվությունում, այլ ոչ թե վաճառքի ամսվա հաշվետվությունում,
-
վերանայվում է շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված անավարտ (կիսակառույց) բազմաբնակարան բնակելի շենքերի կադաստրային հիման վրա հարկային պարտավորությունների հաշվարկման գործող կարգը։ Առաջարկվում է այդ շինությունների օտարման դեպքում ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան հաշվարկելիս չկիրառել կադաստրային արժեքի 80 տոկոսի չափով նվազագույն շեմի կիրառման կանոնը,
-
հնարավորություն է տրվում 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն չներկայացրած տնտեսվարողներին մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել համապատասխան հայտարարությունը, և այդ տարիների համար հաշվառվել որպես ԱԱՀ վճարող։ Միաժամանակ, կվերահաշվարկվեն հայտարարության չներկայացման հիմքով նախկինում հաշվարկված հարկային պարտավորությունները, ներառյալ տույժերը և տուգանքները,
-
հստակեցվում է ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման շրջանակը՝ նախատեսելով, որ այն տարածվի նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակում մատուցվող ուսուցման ծառայությունների վրա,
-
պարզեցվում են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների (Google և Facebook և այլն) ԱԱՀ-ի վճարման կանոնները,
-
գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվողները մինչև 115 մլն դրամի շրջանառության շեմը իրենց արտադրանքի իրացման համար ԱԱՀ չեն վճարի։ Իսկ գյուղատնտեսական գործունեությունից բացի այլ գործունեություն (օրինակ՝ ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում) իրականացնելու դեպքում ԱԱՀ կվճարեն միայն այդ գործունեության մասով,
-
նախատեսվում է ԱԱՀ-ից ազատել ոչ միայն պետությանը, այլև համայնքներին ապրանքների նվիրատվությունները՝ ապահովվելով նվիրատվության համանման գործարքների մասով հարկման նույն պահանջների կիրառումը,
-
վերանայվում է չեղարկված հաշվի փոխարեն դուրս գրված նոր հարկային հաշվով ԱԱՀ-հաշվանցման կանոնը՝ նախատեսելով, որ ձեռքբերողը ԱԱՀ-ի հաշվանցումները կկատարի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում,
-
ԵՏՄ-ից ներմուծվող դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների ներմուծման ակցիզային հարկը նախատեսվում է վճարել մինչև ներմուծման օրվան հաջորդող ամսվա 20-ը,
-
դրոշմավորման ենթակա կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորման բարձրացվում է՝ 1%-ից դառնալով 2%։ Փոփոխությունը թեթևացնում է հարկային բեռը՝ թույլ տալով արտադրողներին կորուստներն արդյունավետ կառավարել,
-
առաջարկվում է ինքնավար էներգաարտադրողներին հնարավորություն տալ սեփական սպառման համար արտադրված էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերը (այդ թվում՝ սարքավորումների գծով) նվազեցնել համախառն եկամտից։ Այս փոփոխությունը կնվազեցնի հարկային բեռը և կնպաստի նոր էներգետիկ նախագծերի ներդրմանը՝ հատկապես արևային էներգիայի ոլորտում:
Օրենսդրական փաթեթը նպատակ ունի հստակեցնել հարկային հարաբերությունները, նվազեցնել տնտեսվարողների վարչական և հարկային բեռը, ինչպես նաև բարձրացնել հարկային համակարգի կանխատեսելիությունն ու արդյունավետությունը։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծով առաջարկվում է վերանայել այն գումարների չափերը, որոնց դեպքում հարկերից խուսափելը համարվում է քրեական հանցագործություն, հստակեցվում է, թե հարկային մարմինը, երբ կարող է նյութեր փոխանցել՝ քրեական գործ սկսելու համար, ինչպես նաև բարելավվում է գույքի արգելադրման գործընթացը՝ ներդնելով ավելի ճկուն այլընտրանքային մեխանիզմներ։
-
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ հարկային խախտումների հիմքով քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ հարկային մարմնի որոշումը դարձել է վերջնական, և բողոքարկման բոլոր փուլերն ավարտված են։ Բացառությամբ այն դեպքերի, եթե կա հիմնավոր կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման.
-
Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ բարձրացվում և հստակեցվում են հարկերից խուսափելու համար քրեական պատասխանատվության շեմերը։ Մասնավորապես, առաջարկվում է խոշոր չափ համարել մեկ հարկային տարում 30 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 45 միլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը՝ ներկայում գործող 10 միլիոն դրամի փոխարեն, իսկ առանձնապես խոշոր չափ՝ մեկ հարկային տարում 50 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 75 մլիլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը` ներկայում գործող 20 միլիոն դրամի փոխարեն.
-
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններով նախատեսվում է լավարկել գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը՝ ներդնելով այլընտրանքային մեխանիզմ, առաջարկվում է գույքի արգելադրման փոխարեն օրենքով սահմանված դեպքերում կիրառել դրան համարժեք բանկային երաշխիք։ Կարգավորումը նպատակ ունի նվազեցնել տնտեսվարողների համար սահմանափակումները, ապահովել նրանց գործունեության շարունակականությունը և միաժամանակ բարձրացնել քրեական վարույթի արդյունավետությունը։