Ձեր ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց՝ առանց ձեզ ողջունելու այստեղից ինչպե՞ս է հեռանալու: Այդ մասին Գյումրու Վարդանանց հրապարակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ որ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էի, նրան ասացի՝ Դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն ասում էր՝ լավ, երևի չափազանցնում ես: Երբ որ այսպիսի տեսարան է լինում, ես իրեն հիշեցնում եմ, ասում եմ՝ տես, որ չեմ չափազանցնում»,- նշեց վարչապետը:
«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, երբ ամբողջ քաղաքը քարացած էր. աշխարհը կանգնեց ոտքի: «Քեզ համար, Հայաստա՛ն». Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց: 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց: Դժոխքից և ձմեռվանից հետո նոր գարուններ եկան, և մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին: Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին, և քանի Գյումրին այստեղ է, Հայաստանը առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ, Եվրոպայի կողքին, և ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին:
Շնորհակալությո՛ւն, Գյումրի, շնորհակալությո՛ւն, Հայաստան, և երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ:
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ Գյումրին»,- հրաժեշտից առաջ ասաց Էմանուել Մակրոնը: