Իրանը Հորմուզի նեղուցում հարվածներ է հասցրել կապ չունեցող մի շարք պետությունների, այդ թվում՝ Հարավային Կորեայի բեռնատար նավի։ Այդ մասին իր Truth social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հավանաբար ժամանակն է, որ Հարավային Կորեան գա և միանա այս առաքելությանը։ Մենք խոցել ենք յոթ փոքր նավակ։ Սա է այն ամենը, ինչ նրանց մնացել է։ Բացի հարավկորեական նավից, այս պահին նեղուցով անցնողներն այլ վնասներ չեն կրել։ Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը վաղն առավոտյան հանդես կգան մամուլի ասուլիսով»,-հայտնել է Թրամփը։
Վաշինգտոնն ավելի վաղ հերքել է լուրերը, թե իրանական զինուժն ամերիկյան ռազմանավ է հրթիռակոծել Հորմուզում: Ըստ Կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերն ակտիվորեն աջակցում են նեղուցում նավագնացությունը վերականգնելու ջանքերին։ Դրանց շնորհիվ՝ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ արդեն հաջողությամբ անցել է նեղուցով` նշել է հրամանատարությունը:
Թրամփն ավելի վաղ հայտնել է, որ այսօրվանից ամերիկյան ուժերը սկսել են ուղեկցել «չեզոք» երկրներին պատկանող նավերին, որպեսզի դրանք կարողանան դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Նա նաև զգուշացրել է, որ գործողություններ կձեռնարկվեն, եթե Իրանը փորձի միջամտել ամերիկյան առաքելությանը․ «Եթե որևէ կերպ միջամտություն լինի այս մարդասիրական գործընթացին, դժբախտաբար, ստիպված կլինենք ուժով արձագանքել»։
Հիշեցնենք՝ Հորմուզի նեղուցը փակված է փետրվարի վերջից, երբ սկսվել է Մերձավոր Արևելքում նոր պատերազմը։ Խաղաղ ժամանակներում նեղուցով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Սկզբում նեղուցով նավարկությունը գրեթե դադարել էր Իրանի սպառնալիքների պատճառով՝ հարվածներ հասցնելու նավերին, որոնք կփորձեն անցնել նեղուցով։ Ավելի ուշ դրան ավելացել է ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը, որի շրջանակում ամերիկյան ուժերն իրենց հերթին թույլ չեն տալիս նավերին մուտք գործել իրանական նավահանգիստներ։
Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունների հիմնական կետերից մեկն է, որոնք ներկայումս փակուղի են մտել։