Ո՞վ կարող էր պատկերացնել, որ կարելի էր հավաքվել Երևանում ԵՔՀ-ի շրջանակում 40 պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ԵՄ-ի և Հայաստանի միջև գագաթնաժողովի շրջանակում: Շատ քչերն էին պատկերացնում: Ինչ-որ մի բան փոխվել է: Ձեր երկիրը, որ 2020 թվականի աշնանը վերապրեց պատերազմը, ծայրահեղ հետևանքներ ունեցավ: Ակնհայտ է, որ ինչ-որ մի բան այստեղ փոխվել է: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ այս պահը, որ հիմա ապրում են Հայաստանում, Հայաստանի պահն է, և այս պահը ճանապարհ է բացում, առաջինը՝ խաղաղության ճանապարհ, և սա, ըստ Մակրոնի, արդեն իսկ հաջողություն է:
«Դուք իրապես որոշեցիք, ունեցաք այդ խիզախությունը՝ խաղաղություն հաստատելու, այսինքն՝ գտնելու այն ուղիները, որոնք հարկավոր են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար, և 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովը, ինչպես նաև Վաշինգտոնում հանդիպումը եկան վերջնականապես եզրափակելու այս խաղաղությունը: Սա խիզախ, անհրաժեշտ որոշում էր: Այս որոշումը նաև ամրապնդեց և բերեց բարգավաճում»,- ասաց նա:
Անդրադառնալով անցած 8 տարիներին՝ Մակրոնը նկատեց՝ Հայաստանում տնտեսական միջին աճը կազմում է 6 տոկոս, վերջին երկու տարիներին ավելի է մեծացել, և սա, ըստ նրա, «տպավորիչ» ցուցանիշ է:
«Իրապես, սա Հայաստանի պահն է, որովհետև այստեղ՝ Հայաստանում են եվրոպացիները քննարկումներ անցկացնում, քանի որ դուք եք կազմակերպել և հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը:
Այսօր՝ առավոտյան, ԵՄ-ի և Հայաստանի միջև գագաթնաժողովին նույնպես քննարկվեցին մի շարք կարևոր ծրագրեր, որոնք խոստանում են զարգացում ենթակառուցվածքների ոլորտում, ներդրումներ՝ անվտանգության ոլորտում և այլն: Այսօր այն, ինչ տեղի է ունենում ձեր երկրում, կարելի է ասել, շատերը չէին սպասում նման պահի, և դուք կարողացաք մեկնարկել այս ամենը մեծ խիզախությամբ վերջին տարիներին, և սա խորապես մեծ հնարավորություններ է ընձեռում Հայաստանին:
Կցանկանայի, որպեսզի հայաստանյան այս պահն ուղեկցվեր կովկասյան պահերով: Կարծում եմ՝ սա է այսօր մեր հիմնական մարտահրավերը»,- ասաց նա: