Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Իրանից արձակված երեք հրթիռ, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Հրթիռները որսացվել են ԱՄԷ-ի տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդը ընկել է ծովը, ասվում է հաղորդագրությունում։
ԱՄԷ-ի Էլ-Ֆուջեյրա էմիրության իշխանությունները հայտնել են, որ տարածաշրջանի նավթային օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել՝ իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։
Իրանի պետական հեռուստաընկերությունն իր հերթին հայտարարել է, որ Իրանը չի հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։
Իրանի բանակը մայիսի 4-ի երեկոյան հայտարարել է, որ հրթիռներ և անօդաչու սարքեր կարձակվի որպես նախազգուշացում ամերիկյան ռազմական նավերին, որոնք փորձել են մտնել Հորմուզի նեղուց։
Նախօրեին ԱՄՆ-ը հայտարարել էր, որ «Ազատության նախագիծ» առաքելության շրջանակում ուղեկցելու է Հորմուզի նեղուցում մնացած նավերին։ Իրանից պատասխանել են, որ ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն նեղուցում կդիտարկվի որպես հրադադարի ռեժիմի խախտում։
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են ռմբակոծել Իրանը։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին և այն երկրներին, որոնց համարում է Վաշինգտոնի դաշնակիցներ։ Իրանական անօդաչու սարքերն ու հրթիռները ուղղվել են ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ և այլ հարևան երկրներ։ Ապրիլի 8-ից Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հրադադար։
Հորմուզի նեղուցը փակված է փետրվարի վերջից, երբ սկսվել է Մերձավոր Արևելքում նոր պատերազմը։ Խաղաղ ժամանակներում նեղուցով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Սկզբում նեղուցով նավարկությունը գրեթե դադարել էր Իրանի սպառնալիքների պատճառով՝ հարվածներ հասցնելու նավերին, որոնք կփորձեն անցնել նեղուցով։ Ավելի ուշ դրան ավելացել է ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը, որի շրջանակում ամերիկյան ուժերը իրենց հերթին թույլ չեն տալիս նավերին մուտք գործել իրանական նավահանգիստներ։
Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունների հիմնական կետերից մեկն է, որոնք ներկայումս փակուղի են մտել։