Հայոց Ցեղասպանության արհավիրքը չի խնայել ո՛չ տարեցներին, ո՛չ մանուկներին: Բացմաթիվ հայ տարագիր տարեցներ, որոնք ի վերջո հաստատվել են Սիրիայում, խնամք և հոգածություն են գտել Հալեպի հայ ծերանոցում: Այն հիմնվել է Արևմտյան Հայաստանում, սակայն 1923-ից գործունեությունը ծավալել է Սիրիայում: Մարիա Գաբրիելյանը կներկայացնի մանրամասները:
Հալէպի Հայ Ծերանոցը այս տարի կը բոլորէ իր հիմնադրութեան 100-ամեակը: Հաստատութեան հիմը դրուած է Մարաշի մէջ «Մերձաւոր Արևելքի օժանդակութեան» մարմնի կողմէ` օգնութեան ձեռք երկարելու Ցեղասպանությունից փրկուած հայերուն: Անկելանոցը Մարաշէն Հալէպ փոխադրուած է 1923-ի Հոկտեմբերին:
Տ. Մաշտոց Ավագ քահանա Արապաթլյան (Հալեպի հայ ծերանոցի խնամակալության ատենապետ, Առաքելական համայնքի ներկայացուցիչ) - Սկզբնական շրջանին աւելի քան 150-էն մինչև 175- 200 պատսպարեալներ եղած են: Գաղթականութենէն վերապրողները, Եղեռնի դառնութիւնները ճաշակողները անօթևան մնալով կը պատսպարուէին անվճար կերպով Հայ Ծերանոցէն ներս:
Հիմնադրութեան թուականէն մինչև երեք տասնամեակ մեծապէս դժուար պայմաններ դիմագրաւելէ ետք` Հայ Ծերանոցը ի վերջոյ կ՛ունենայ իր սեփական և յարմարաւէտ կառոյցը Պոսթան Փաշա շրջանին մէջ: Շնորհիւ երեք համայնքներէ ազգասէր նուիրեալներու անխոնջ աշխատանքին` տարուէ տարի կը բարեկարգէ իր վիճակը և կը հասնի նոյնիսկ բարգաւաճման, սակայն 2012 թուականը ողբերգական կ՛ըլլայ անոր համար, երբ ամէն բան փուլ կու գայ:
Տ. Կոմիտաս Ավագ քահանա Տատաղլյան (Հալեպի հայ ծերանոցի քարտուղար, Կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ) - Կարելի է ըսել, որ հինգ աստղանի պանդոկ մըն էր Հայ Ծերանոցը և սակայն պատերազմի ընթացքին վնասներ կրեց: Այսօր պատերազմէն ի վեր հաստատութիւն ըրած ենք «Վերժին Կիւլպէնկեան մայրանոց հիւանդանոց»-էն ներս և շնորհակալութիւն կը յայտնենք այս առթիւ իրենց` բարեացակամ գտնուելու համար: Մենք պատերազմի ընթացքին կորսնցուցինք ամէն ինք` նիւթականի, ինչքերու, պաշտօնեաներու, պատսպարեալներու:
Հայ Ծերանոցում ուշադրութեամբ կը հետևին ապաստանեալներու ոչ միայն Ֆիզիքական այլև հոգեկան առողջութեան: Այս նպատկով մասնագէտի ճամբով ամէնօրեայ դրութեամբ տրամադրութեան բարձրացման յատուկ վարժութիւններու կը կատարեն կ՛երգեն, կ՛աղօթեն և կը զրուցեն:
Հակոբ Ալապոզանյան (Հալեպի հայ ծերանոցի տնօրեն) - Ծերանոցը կը պատկանի երեք համայնքներուն, կը գործէ տնօրէնութեամբ և պաշտօնէութեամբ, առաւել խնամակալութիւն ունի, որ բաղկացած է երեք համայնքներու անդամներէն: Ծերանոցի հոգատարութիւնը կ՛ապահովեն համայնքապետերը իրենց անմիջական հսկողութեամբ:
Հայ ծերանոցէն ներս կը նշունին հայկական ազգային ու եկեղեցական տօները: Տարուան ընթացքին Հալէպի հայկական ազգային, կրօնական, մշակութային, մարզական, հայրենակցական և բարեսիրական միութիւնները կ՛այցելեն ծերանոց և նիւթական ու բարոյական աջակցութիւն կը ցուցաբերեն:
Պատվելի Ասատուր Մնչերյան (Ավետարանական համայնքի ներկայացուցիչ) - Հոգևոր ներկայութիւն կը գտնուի այս ծերանոցին մէջ և ասի առիթ կու տայ, որ տարբեր համայնքներու գործունէութիւններ կատարուին այստեղ` պատարագներ, պաշտամունքներ և եկեղեցական տօներ կը նշուին:
Նուարդ մայրիկը ծերանոցի նոր բնակիչներէն է: Ան ինքզինք չգտնելով հեռաւոր ափեր ապրող զաւակներուն մօտ, որոշած է վեադառնալ Սուրիա և դառնալ հանգստեան տան բնակիչներէն: Նուարդ մայրիկը օրը կ՛անցնէ ընթերցանութեամբ: Խնդիր չէ անոր համար արևելեահայերէն կարդալը, կարևորը հայերէն կարդար և ժամանաը օգտակար բանով լեցնէր:
Նվարդ Պահարյան (Հալեպի հայ ծերանոցի բնակիչ) - Ասի ըսաւ հոս եկուր, միւսը ըսաւ հոս եկուր, մենք քեզի կը նայինք: Ես միտքս դրի փոխադրուեցայ հոս եկայ, ուրախ եմ, հանգիստ եմ: Առտու կ՛արթնամ, աղօթքս կ՛ընեմ, կը խաչակնքեմ, «պահապան ամենայնին ալ կ՛ըսեմ, կը սպասեմ նախաճաշին, կու գայ նախաճաշը կը սպասենք ճաշի, բայց ժամը տասի ատենները սուրճերնիս կու գայ:
Ծերանոցի տնօրէնն ու խնամակալները երախտագիտութեամբ կ՛արտայայտուին ծերանոցի դիմագրաւած դժուար պայմաններուն մէջ յարանուանական, միութենական կողմերու թէ անհատ բարերարներու ցուցաբերած օժանդակութեան համար:
Տ. Մաշտոց Ավագ քահանա Արապաթլյան (Հալեպի հայ ծերանոցի խնամակալության ատենապետ, Առաքելական համայնքի ներկայացուցիչ) - Առիւծի բաժինը ՀՀ հիւպատոսութեան ու դեսպանութեան է, տարեկան աւանդական դարձած իրենց ներդրումը ունին Հայ Ծերնոցէն ներս:
Յովհաննէս հայրիկը տարիներէ ի վեր ապաստան գտած է ծերանոցէն ներս, ան շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր անոնց, որոնք օգտակար կը դառնան պատսպարեալներուն:
Տ. Կոմիտաս Ավագ քահանա Տատաղլյան (Հալեպի հայ ծերանոցի քարտուղար Կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ) - Պէտք է յիշեք ՀՀ օժանդակութիւնը անգամներ եղած է, Փիւնիկ հաստատութիւնը, տակաւին մարդասիրական խումբը, որ Հալէպ կը գտնուի իր մասնակցութիւնը կը բերէ ըլլայ սննդեղէնի, ըլլայ բժշկական ծառայութիւն կատարելով:
Հալէպի Հայ Ծերանոցը նուիրուած է հայ եկեղեցւոյ օրէնսդիր աւագ հայրապետ Մեծն Ներսէսի յիշատակին: Ան 1951-էն ունեցած է իր պարբերաթերթը` «Հայ Ծերանոց» և աւելի ուշ «Տեղեկատու Հայ Ծերանոց» անունով, ուր կրնանք տեղեկութիւններ գտնել հաստատութեան պատմութեան, հիմնադիրներուն, ներքին թէ արտաքին կեանքին ու բարերարներու մասին: