Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ չի կարող Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Չի կարող տեղի ունենալ և վերջ. դրա մասին է ամբողջ խոսակցությունը, այստեղ չտեսնված, չլսված բան չկա: Այս ամենը Հայաստանում նորմալ համամասնական ընթացակարգով ընտրություններ ունենալու մասին է»,- նշեց նա:
Ալեքսանյանի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացը տանում է դեպի մեծամասնական ընթացակարգ: «Դա մեծամասնական ընթացակարգին բնորոշ երևույթ է, երբ մարդու անձնանունն է քվեաթերթիկի վրա՝ որպես ուժի անուն, այլ ոչ թե քաղաքական կուսակցության կամ դաշինքի անուն: Նույն կարգավորումը մենք ունենք ՏԻՄ-երում: Երբ մենք ՏԻՄ-երում դա արեցինք, դեռևս ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տեղից չէր ուղարկել Հայաստան՝ ձայներ հավաքելու, ինչ-որ մեկին նվիրելու: Շատ տրամաբանական է, որ նույն կարգավորումը պետք է լիներ ԱԺ ընտրություններում»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորը հակադարձեց այն պնդումներին, թե իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից: «Դա այն նույն Սամվել Կարապետյանն է, որ արդեն երևի ութ շաբաթ ՔԿ-ից պատասխան ունի, Դատախազությունից ունի, «Ժեկ»-ի պետից էլ երևի տեղեկանք ունի, որ ինքը հանգիստ կարող է դուրս գալ մարդամեջ և խոսել եթերով, բայց չի անում դա, մենք ե՞նք վախենում, իրո՞ք: Մի տեքստ էին տվել ձեռը, հրապարակել էր ուղիղ թարգմանությամբ օտար լեզվից, եթե լրագրողական փոքրիկ հետաքննություն անեք, կհասկանաք՝ որ լեզվից է թարգմանված: Այնտեղ մի նախադասություն կա, որ շատ ուղիղ մատնում է այն լեզուն, որից ուղիղ թարգմանված է: Մարդը ոչ իր գլխի տերն է, ոչ ինքն է որոշում, թե իր էջում ինչ պետք է դրվի, ոչ ինքն է որոշում, թե իր դեմքով արհեստական բանականությամբ ինչ ռոլիկ պետք է վաղը սարքեն ու հրապարակեն»,- ասաց նա: