Հուլիսի 14-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր, Միջազգային առևտրի հարցերով կոմիտեում Հայաստանի հարցերով զեկուցող Բոգդան Զդրոյեվսկիի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսությանն աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրվելիք ինքնավար առևտրային միջոցները, ինչպես նաև այս համատեքստում Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։
Դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել բացառիկ որոշման և Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի և մասնավորապես Եվրախորհրդրանի շարունակական աջակցության համար՝ համապարփակ կերպով ներկայացնելով ՀՀ կառավարության նախաձեռնություններն ու իրականացվող աշխատանքներն այս ուղղությամբ։
ՀՀ դեսպանը նշել է, որ ընդունվելիք որոշումը կնպաստի Հայաստանի արտահանման շուկաների բազմազանեցմանը՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ հայկական արտադրանքը եվրոպական շուկայում առավել լայնորեն ներկայացնելու համար։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել դեսպան Բալայանի մասնակցությամբ ԵԽ Միջազգային առևտրի հարցերով կոմիտեի նիստը, որի ընթացքում զեկուցող Բոգդան Զդրոյեվսկիի առաջարկի հիման վրա, Միջազգային առևտրի հարցերով կոմիտեն որոշում է կայացրել Հայաստանին ինքնավար առևտրային միջոցների տրամադրման հարցը քննարկել պարզեցված ընթացակարգով։