ԱՄՆ զինված ուժերը հերթական հարվածն են հասցրել Իրանին: Հիմնականում թիրախում են եղել հարավային շրջանները՝ Բուշեր, Չաբահար, Քոնարակ, Բանդեր Աբբաս, Ղեշմ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածների նպատակն է նվազեցնել քաղաքացիական նավերը թիրախավորելու՝ Իսլամական Հանրապետության կարողությունը։
Իրանական ուժերն էլ հրթիռակոծել են Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան բազաները: Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական ուժերը հարվածել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող 2 լցանավի։ Հայտնի է մեկ զոհի մասին, վիրավորվել է ութ նավաստի՝ Հնդկաստանի վեց քաղաքացի և երկու ուկրաինացի։ Թեհրանից նշում են, որ լցանավերը խախտել են նեղուցով անցնելու արգելքը։
Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է՝ հարվածները շարունակվելու են և Իրանին չի հաջողվի կանգնեցնել ամերիկյան ուժերին: Նա նաև տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ՝ իրանական, և նավթը հոսում է ինչպես նախկինում։ «Մենք կվերականգնենք ամբողջական շրջափակումը այն նավերի համար, որոնք կապ կունենան իրանական նավահանգիստների հետ», - մանրամասնել է ԱՄՆ նախագահը, կրկնել՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա:
Իսրայելի վարչապետն էլ դիմել է Իրանի ղեկավարությանը, ընդգծել՝ պատրաստ են ցանկացած սցենարի։ «Մեզ վրա հարձակումից հետո խաղաղություն մի սպասեք։ Այս անգամ պատասխանը կլինի շատ ավելի հզոր», - հավելել է Բենիամին Նեթանյահուն։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան