Թույլ չենք տալու ձեզ օգտագործել ժողովրդավարության գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 7-ի արտահերթ նիստին ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիրներին և պատասխանելով նրանց քննադատություններին:
«Ժողովրդավարությունը տեր ունի այս երկրում: Դուք ձեր ծոծրակը կտեսնեք, բայց չեք տեսնի, որ նորից կվերազավթեք ժողովրդի իշխանությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով նախագծով առաջարկվող շտկումներին՝ պատգամավորը պարզաբանեց.
«Օրենսդրության ամբողջ տրամաբանությունն այն մասին է, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ կուսակցությունները և դաշինքները՝ ընտրությունների ժամանակ ձևավորվող, չեն կարող իրենց անվանումներում պարունակել անձնանուններ: Այսինքն՝ գործող կարգավորումներն այդ մասին են:
Այն, որ ԱԺ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների սահմանումից, կարգավորումից դա բաց է թողնվել, տեխնիկական վրիպակ է, որը մենք շտկում ենք»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ ապրիլի 7-ի արտահերթ նիստին քննարկվում է մի նախագիծ, որը ենթադրում է ԸՕ-ին վերաբերող՝ նախկինում ընդունված մի նախագծում տեխնիկական վրիպակի շտկում: