2024 թվականի սեպտեմբերի 26-ին ԱԺ քննարկմանը ներկայացրած ՀՀ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթում ներառված նախագծով առաջարկվել էր փոփոխություններ կատարել 81-րդ հոդվածի 2-րդ մասում՝ հանելով 2-րդ նախադասությունը: Նպատակը եղել է այն պահանջի վերացումը, ըստ որի՝ կուսակցությունների դաշինքի անվանման ներքո պետք է նշվեն դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները: Սակայն նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված խմբագրական փոփոխությունների արդյունքում նախագծի վերջնական տարբերակում օգտագործվել է «պարբերություն» եզրույթը «նախադասություն» բառի փոխարեն: Արդյունքում գործող խմբագրությամբ ստացվել է, որ ուժը կորցրած է ճանաչվել ոչ թե 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, որի նպատակը դրված էր նախագծի հիմքում, այլ դրա երկրորդ պարբերությունը:
Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 7-ի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
«Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանք շփոթելու նման անվանումներ, կամ դրանց հոլովաձևեր, ինչպես նաև չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:
Միաժամանակ օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու անդամի թեկնածուների առաջադրման դեպքում նախատեսված է նույնաբովանդակ կարգավորում: Ընդ որում՝ օրենսգրքում նախորդ փոփոխությունների ընթացքում այդ դրույթները ներդրվել են միասնական հիմնավորմամբ և նույն նպատակներով, հետևաբար, եթե առկա լիներ քաղաքական կամ իրավական նպատակադրություն՝ վերացնելու տվյալ սահմանափակումները, անհրաժեշտ կլիներ համապատասխան փոփոխություններ կատարել նաև օրենսգրքի 129-րդ հոդվածում, ինչպես նաև հարակից իրավական ակտերում: Այդպիսի փոփոխություններ, սակայն, չեն առաջարկվել, և նման քաղաքականության կամ իրավական մոտեցման վերաբերյալ որևէ քննարկում չի իրականացվել:
Նշված սահմանափակումները կրում եմ բովանդակային և սկզբունքային նշանակություն, դրանք նաև համահունչ են քաղաքական կուսակցությունների անվանման նկատմամբ գործող սահմանափակումներին, որոնք սահմանված են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով»,- ասաց նա:
Հաշվի առնելով այն, որ կուսակցությունների դաշինքները հանդիսանում են նույն քաղաքական սուբյեկտների համագործակցության ձև, որոնք իրենց գործունեությամբ և նպատակներով ներգրավված են նույն քաղաքական և իրավական հարաբերություններում, ըստ Ջուլհակյանի՝ տրամաբանական և իրավաչափ է, որ նրանց անվանման նկատմամբ կիրառվեն նույնատիպ սահմանափակումներ: Այս առումով օրենսգրքի համապատասխան դրույթները չեն հանդիսանում ինքնուրույն կամ առանձնացված կարգավորումներ, այլ ներդաշնակորեն լրացնում են արդեն իսկ գործող սահմանադրական օրենքի պահանջները:
Ջուլհակյանը նաև ընդգծեց՝ նախագծում որևէ կերպ չի նշվում, որ նախատեսվում է վերացնել կուսակցությունների դաշինքների անվանման նկատմամբ գործող սահմանափակումները:
«Ընդհակառակը՝ քննարկումների տրամաբանությունից ակնհայտ է, որ նպատակ է հետապնդվել բացառապես տեխնիկական բնույթի դրույթի վերացումը: Ուստի օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «ուժը կորցրած ճանաչում»-ը պետք է գնահատել որպես տեխնիկական վրիպակ, որն անհրաժեշտ է շտկել իրավական սահմանված ընթացակարգերով»,- ասաց նա: