Նպատակ կա աջակցել ջերմոցների, ջերմատների զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացմանը և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 7-ի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ այժմ, օրինակ, 1,5 հա մակերեսով ջերմատնային տնտեսություն կառուցելիս շինթույլտվություն ստանալու համար պետք է նախկին 100 հազար դրամի փոխարեն վճարվի 5 մլն դրամ, ինչը ակնհայտորեն խոչընդոտում է Կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող ռազմավարությունների կյանքի կոչմանը:
«Մոտ 2 տարի առաջ վերանայել ենք տեղական տուրքերի և վճարների մասին նախագիծը, և, այո՛, սովորական շենք-շինությունների համար վերանայվել և բարձրացվել է շինթույլտվության վճարը:
Հետօրենսդրական վերահսկողության արդյունքում, նաև տնտեսվարողների և ապագայում ջերմատներ կառուցող անձանց հետ հարցի քննարման ժամանակ պարզվել է, որ խոշոր ջերմատների համար շինթույլտվության տուրքը բավականին մեծ է: Ստացվում է՝ մի կողմից մենք սուբսիդավորում ենք, և մեր պետության ռազմավարությունն այնպիսին է, որ խրախուսում ենք մեծ ջերմատների կառուցումը (այսինքն՝ մի կողմից պետությունն աջակցում է ջերմատուն կառուցելուն), սակայն մյուս կողմից այս գումարները, կարելի է ասել, որպես պետական տուրք են վճարվում, ինչը հակասական իրավիճակ է ստեղծում հնարավոր ներդրողների համար:
Նույնը ավազաններին է վերաբերում, որովետև ասում ենք՝ ոռոգելի տարածքները պետք է մեծանան, նաև ոռոգման համար նոր տեխնոլոգիաներ պետք է կիրառվեն, սակայն ավազանների շինթույլտվության համար (իսկ դրանք նույնպես մեծ մակերես են զբաղեցնում) բավականին բարձր տուրք պետք է վճարի պոտենցիալ ներդրողը: Այս մասով բացառություն ենք սահմանել կարգավորման մեջ»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում տուրքի նվազեցումը համայնքներում կբերի ներդրումների աճի:
«Հենց այս պահին մոտավորապես 25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը, նաև սրանով է պայմանավորված հրատապությունը»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Խոջոյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում գործող տուրքերի համեմատությամբ 8 անգամ նվազում է ակնկալվում:
«1,5 հա մակերեսով ջերմատնային տնտեսություն կառուցելու համար շինթույլտվության տեղական տուրքը կկազմի 600 հազար դրամ, և կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը, այս դեպքում՝ 5 գոտիականության արտադրյալով բազմապատկելով, կկազմի 3 մլն դրամ»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ տեղական տուրքը 500 քառակուսի մետր ջերմատուն կառուցելու համար կկազմի 20-100 հազար դրամ: