Նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման և ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 7-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը հայտնել է, որ նախագծով բովանդակային փոփոխություններ չեն նախատեսվում: Մասնավորապես, առաջարկվում է որոշ հստակեցումներ կատարել օրենքում՝ կապված անցումային ժամանակահատվածում բուհեր ընդունելության կարգի հետ: Նշվել է, որ բուհեր ընդունելության նոր կարգը գործելու է 2029-2030 ուսումնական տարում:
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես՝ գիտական կազմակերպությունների և բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը՝ այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև բուհերի բակալավրի կրթական աստիճանում ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչև օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: