ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության վերլուծական գործիքակազմի կիրառմամբ հանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում գործող ընկերության հարկային հաշվարկներում արտացոլված ցուցանիշների և գործունեության փաստացի ծավալների միջև արձանագրվել են էական անհամապատասխանություններ։
«Այսպես վերլուծությամբ ձևավորված ռիսկերի հիման վրա իրականացված թիրախային օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 553 միլիոն դրամի թերհայտարարագրված շրջանառություն։ Միջոցառումների ընթացքում պարզվել է, որ մատուցված ծառայությունների մի մասի դիմաց վճարումներն ընդունվել են կանխիկ՝ առանց համապատասխան ՀԴՄ կտրոնների տրամադրման, իսկ գործարքները չեն ներառվել ընկերության հարկային հաշվարկներում։
Իրական շրջանառության ծավալը պարզելու նպատակով ձեռք են բերվել և հետազոտվել ընկերության ներքին հաշվապահական փաստաթղթերը, աշխատանքային համակարգիչներում ու սերվերային համակարգում պահպանվող տվյալները, ինչպես նաև տպագիր ու ձեռագիր գրառումները։ Դրանց համադրումը հնարավորություն է տվել վերականգնելու ընկերության ֆինանսատնտեսական գործունեության իրական պատկերը և որոշելու հարկային հաշվարկներում չարտացոլված շրջանառության չափը։ Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ 2025-2026 թվականների ընթացքում ընկերության իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում պակաս է արտացոլվել շուրջ 553 մլն դրամով։ Դրա հետևանքով պետական բյուջեին պատճառված վնասը կազմել է շուրջ 141 միլիոն դրամ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։
Այս բացահայտումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելը միայն մեկ գործարք հարկային հաշվառումից դուրս թողնել չէ․ նման գործելակերպի շարունակական կիրառմամբ ձևավորվում է հարյուրավոր միլիոն դրամների ստվերային շրջանառություն՝ միաժամանակ վնասելով պետական բյուջեին և օրինապահ տնտեսվարողներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։