Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է կոմիտեն։
Համաժողովի ընթացքում Հայաստանի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի և Ուզբեկստանի մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանման միջև ստորագրվել է «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՈւՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային կոմիտեի միջև շնագիտական ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության մասին» հուշագիր։
Նպատակն է ընդլայնել երկու երկրների մաքսային մարմինների կինոլոգիական ծառայությունների միջև համագործակցությունը, կիսվել մասնագիտական առաջավոր փորձով և ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդներով, ինչպես նաև կատարելագործել ծառայողական շների պատրաստման և ծառայության ընթացքում դրանց կիրառման գործընթացները։ Փաստաթղթով նախատեսվում է նաև գործակցության ամրապնդում կինոլոգ մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման ու որակավորման բարձրացման ուղղությամբ։
Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Ուզբեկստանի մաքսային մարմինների միջև մասնագիտական կապերի ամրապնդման և կինոլոգիական ծառայությունների կարողությունների զարգացման ուղղությամբ։