Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) բարեկամների խմբի հանդիպումը, որը համանախագահում էին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության մշտական ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՓԿԶՊ հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Իգնասիո Իբանեսը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով ՓԿԶՊ երկրների առջև ծառացած մարտահրավերներին։ Մասնակիցները կարևորել են այդ երկրների կարիքների միջազգային տեսանելիության բարձրացումը, միջազգային աջակցության խթանումը և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Քննարկվել է առաջիկայում կայանալիք՝ Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օրվան նվիրված միջոցառման անցկացումը՝ հիմնված 2025 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված համապատասխան բանաձևի վրա՝ որպես ՓԿԶՊ խնդիրների և առաջնահերթությունների նկատմամբ միջազգային ուշադրության բարձրացման կարևոր քայլ։