Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով քննվում է 4 նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին Ընտրական օրենսգրքին առնչվող նախագծի վերաբերյալ:
Իոաննիսյանի խոսքով՝ քննարկվում է երկու փոփոխություն, մեկը վերաբերում է քվեաթերթիկների անվավերության հետ կապված հարցին:
«Դա մի հարց է, որը մենք քաղհասարակության գործընկերներով ենք նախագծել և պահանջել, որ իշխանություններն ընդունեն, ինչը և նրանք անում են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դաշինքների անվանման մեջ անձնանունների, տեղանունների և պետությունների անվանումների արգելքի կարգավորմանը, նշեց՝ այդ կարգավորումը կար մի քանի տարի առաջ:
«2024-ի փոփոխություններով, ինչպես ասացի, տեխնիկական վրիպակի հետևանքով դուրս է եկել և հիմա հետ է բերվում: Մեր մոտեցումը հետևյալն է՝ որ այդ կարգավորումը պետք է, մենք ինքներս ենք առաջարկ արել տարիներ առաջ, բայց այդ արգելքը ընտրություններից երկու ամիս առաջ տանելը իհարկե խնդրահարույց է»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե այս փոփոխությունը լիներ մի քանի ամիս առաջ գոնե, իրենք այս փոփոխությունը կողջունեին:
Նրա խոսքով՝ սա ակնհայտորեն խնդիրներ է ստեղծում, որ որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձևավորել կամ ձևավորում և այդ բրենդինգի փոփոխության կարիք են ունենալու:
«էս մեկը մենք չենք նախաձեռնել, և մեր մոտեցումն այն է, որ այս կարգավորումը ինքնին լավն է, բայց քանի որ ժամկետները խնդրահարույց են, ոչ քննադատում ենք, ոչ էլ ողջունում»,- հավելեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը: